Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան զոհեր
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանի արևելքին և հարավին, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը։
Նա հստակեցրել է, որ պակիստանյան ավիացիան հարվածներ է հասցրել քաղաքացիական տներին Չուգամում (Կունար նահանգ) և Սաֆարում (Հիլմենդ նահանգ)։
«Աֆղանստանի 9 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել են, 11-ը՝ վիրավորվել»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է աֆղանական իշխանության ներկայացուցիչը։
Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղարը սա անվանել է ագրեսիայի ակտ և ընդունված սկզբունքների խախտում։

