Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ Հայաստանի

Այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ այսօր` ժամը 14։10-ի սահմաններում, Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել, կա 3 զոհ։

«Աշխատակիցները եկել էին կռունկն ապամոնտաժելու: Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է»,- հայտնեց Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հավելենք, որ այժմ դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում, դա է պատճառը, որ մարմինները դեռ դուրս չեն բերել շինհրապարակից։