Տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ապահով չի լինի, եթե Իրանի անվտանգությունը երաշխավորված չլինի. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ և ամերիկյան կողմի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ապահով չի լինի, եթե Իրանի անվտանգությունը երաշխավորված չլինի: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Այն տարածաշրջանում, որտեղ մենք չենք կարող նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի, կամ եթե մեր անվտանգությունը երաշխավորված չէ, ոչ մի ենթակառուցվածք անվտանգ չի լինի», – գրել է նա։

Միևնույն ժամանակ Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ Իրանը «կոշտ, զղջում առաջացնող, հստակ և արագ» պատասխան կտա իր դեմ գործողություններին։

Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու, օդային միջանցքները փակելու և երկրի առևտրային կենսական ուղիների վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի ներկայիս ջանքերը կձախողվեն տնտեսական ոլորտում լուրջ պլանավորման ու կառավարման, ինչպես նաև ռազմական պատասխան գործողությունների միջոցով։

«Սպիտակ տան ղեկավարները պետք է իմանան, որ Իրանի հպարտ և պատմություն կերտող ժողովուրդը երբեք չի նահանջի սպառնալիքների, հռետորաբանության կամ օդային ու առևտրային շրջափակման առջև», – ասել է նա։

ԱՄՆ-ն սեպտեմբերի 23-ից սահմանափակումներ է հայտարարել իրանական ավիաընկերությունների նկատմամբ՝ պատժամիջոցներով սպառնալով այն երկրներին, որոնք կընդունեն և ծառայություններ կմատուցեն իրանական ինքնաթիռներին։ Դրանից հետո առանձին երկրներ դադարեցրել են չվերթեր ընդունել Իրանի Իսլամական Հանրապետությունից։