Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ․ Հարություն Աղա-Սարգսյան

Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել էր որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ միավորելու հայ ուսանողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը։

«Բայց սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ասոցիացիայի անդամ ուսանողների հետ և նրանց ներկայացրեց իր «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ միաժամանակ խոսելով Սփյուռքի հետ կապերի և իր կառավարության քաղաքականության մասին։ Սա պարզապես ուսանողների հետ հանդիպում չէր։
Փաշինյանը իր քաղաքական օրակարգը մտցրեց մի կառույց, որի գլխավոր պայմանը հենց քաղաքական չեզոքությունն էր,
և այստեղ նրա քայլի ամենավտանգավոր կողմը միայն այդ կազմակերպության քաղաքականացումն ու դրա ներսում առաջացող պառակտումը չէր:

Սա հենց Սփյուռքի պառակտման հերթական օղակն էր:

Վերջին շրջանում Փաշինյանի քաղաքական խոսքում Սփյուռքի հետ հարաբերությունների վերաձևակերպումը դարձել է առանձին օրակարգ: Նա արդեն հայտարարել է, որ «Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել» և շեշտել Սփյուռքի՝ որպես այլ երկրների տարածքում գոյություն ունեցող համայնքների կարգավիճակը:
Եվ հիմա այդ նույն Սփյուռքի երիտասարդական, ապաքաղաքական կառույցի ներսում նա ներկայացնում է իր քաղաքական գաղափարախոսությունը։

Փաստորեն, մի կողմից՝ Սփյուռքին ասում են՝ դուք Հայաստանի քաղաքականության կողմ չեք, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունն ինքն է մտնում Սփյուռքի քաղաքական և հասարակական միջավայր ու այնտեղ քաղաքական օրակարգ ձևավորում…

Սա արդեն պարզապես հակասություն չէ,
սա երկակի մոտեցում է, որի գինը վճարում է Սփյուռքի համախմբվածությունը…

Համահայկական ուսանողական ասոցիացիայի նման կառույցի ուժը հենց այն էր, որ այնտեղ կարող էին կողք կողքի կանգնել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդներ։

Փաշինյանի այս քայլը այդ ընդհանուր տարածքը վերածում է ընտրության դաշտի՝ կողմ ես այս քաղաքական օրակարգի՞ն, թե՞ դեմ…
Ու հենց այստեղ է սկսվում պառակտումը…
Մեկը կմնա, որովհետև ընդունում է Փաշինյանի օրակարգը,
մյուսը կհեռանա, որովհետև չի ընդունում, երրորդը կսկսի կասկածել՝ արդյոք այս կազմակերպությունն այլևս իր համար է…

Այսպես են քանդվում համահայկական կառույցները՝ ոչ թե մեկ օրում, այլ հենց ներսից:
Սփյուռքն արդեն ունի կուսակցական, գաղափարական, կրոնական և քաղաքական բազմաթիվ հարթակներ, այն ինչ պակասում է, բոլորին համախմբող ընդհանուր տարածքներն են, և եթե նույնիսկ այդ տարածքներն են քաղաքականացվում, ապա խնդիրը մեկ Փաշինյանի հանդիպումը չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքական բաժանումը ներմուծվում է այնտեղ, որտեղ պետք է հայ երիտասարդներին իրար կապեր։
Փաշինյանի համար դա կարող է լինել մեկ հանդիպում, բայց Սփյուռքի համար՝ ևս մեկ բաժանարար գիծ…

Այդ քիչ հարթակներից մեկը չպետք է զոհաբերվի մեկ քաղաքական այցի, մեկ գաղափարախոսության կամ մեկ իշխանության օրակարգի, որովհետև երբ Սփյուռքի երիտասարդությունն էլ է բաժանվում «յուրայինների» և «ոչ յուրայինների», մենք կորցնում ենք ոչ թե մեկ կազմակերպություն,
այլ կորցնում ենք իրար կողքի կանգնելու կարողությունը…»։