Երևանում 59-ամյա կինը կանգառում մոռացել է խոշոր չափի գումարով պայուսակը. քաղաքացին այն վերադարձրել է
Սեպտեմբերի 15-ին մարդկային բարձր հատկանիշներով աչքի ընկնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20 հասցեում գտնվող տրանսպորտի համար նախատեսված կանգառում՝ նստարանին, մոռացել է իր պայուսակը, ապա վերադառնալով այնտեղ՝ այն չի հայտնաբերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կանգառ են ժամանել Շենգավիթի համայնքային ոստիկանները, որտեղ կինը հայտնել է, որ պայուսակում եղել են մոտ 2 միլիոն 300 հազար դրամ, մի քանի կտոր ոսկյա զարդեր և իր համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր։
Մինչ Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ դեպքը բացահայտելու համար, ժամեր անց տուժած Լորետա Բ.-ն հայտնել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ մի կին, որը հավանաբար պայուսակի մեջ եղած անձնագրից է իմացել հասցեն, եկել է իրենց տուն և հայտնել, որ պայուսակը գտել է և վերադարձրել է իրեն, որտեղ էլ պարզվել է, որ պայուսակից ոչինչ չի պակասել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

