Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են նվազեցնել միմյանցից ներմուծվող 60 մլրդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը

Չինաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնել են նվազեցնել միմյանցից ներմուծվող մոտ 60 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային խորհրդի շրջանակում երկու երկրներն առաջարկել են յուրաքանչյուրն իր կողմից 30 միլիարդ դոլարի ապրանքների համար սահմանել ավելի բարենպաստ մաքսային պայմաններ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար դա նշանակում է ամերիկյան արտահանման շուրջ 30 տոկոսի համար Չինաստանի շուկա մուտքի հնարավորությունների բարելավում։

Փոխադարձ մաքսատուրքերի նվազեցումն ու առևտրային հրադադարի երկարաձգումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ անցած շաբաթ Վաշինգտոնում անցկացված երկրորդ գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էին։

Սպիտակ տան հրապարակած երկու ցուցակներից մեկի համաձայն՝ Չինաստանը նախատեսում է նվազեցնել ամերիկյան մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, այդ թվում՝ եգիպտացորենի, ցորենի, մսի, կաթնամթերքի, բուսական յուղերի և դրանցից ստացվող կերի նկատմամբ։ Ցուցակում ներառված չէ սոյան։

Պեկինը նախատեսում է նաև նվազեցնել ամերիկյան ձկնամթերքի և ծովամթերքի, գերանների ու փայտանյութի, կոսմետիկայի և բժշկական սարքավորումների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։

Մյուս ցուցակում ներկայացված են Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների նկատմամբ փոխադարձ մաքսատուրքերի նվազեցումները։ Դրանց թվում են փոքր կենցաղային տեխնիկան՝ սրճեփներն ու տոստերները, սպասքը, վերմակներն ու անկողնային սպիտակեղենը։ Ցուցակում ներառված են նաև խաղալիքներ, հրավառության պարագաներ, արհեստական ծաղիկներ, տոնածառի լույսեր և այլ տոնական զարդարանքներ, ինչպես նաև ավտոմեքենաներում երեխաների համար նախատեսված նստատեղեր։

Չինաստանի առևտրի նախարարությունը երկուշաբթի հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային հրադադարի երկամսյա երկարաձգումը՝ մինչև հունվարի 10-ը, երկու կողմերին հնարավորություն կտա գնահատել տնտեսական և առևտրային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործող պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։

«Չինաստանի առևտրի նախարարության գնահատմամբ՝ պայմանավորվածությունը կնպաստի երկկողմ առևտրի կայունացմանը, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի չինական արտահանման համար դեպի ԱՄՆ շուկա, ինչպես նաև կբավարարի ներքին շուկայի պահանջարկը և կուժեղացնի գյուղատնտեսական ապրանքների, էներգետիկայի, արդյունաբերական և սպառողական ապրանքների ոլորտներում առևտրային համագործակցությունը»,- Xinhua-ի փոխանցմամբ, ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ։