ԵԽԽՎ զեկույցում արձանագրվել են էական բացթողումներ

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն  անցկացվեցին աշխարհաքաղաքական չափազանց կարևոր վերադասավորումների պայմաններում՝ հաջորդելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից տեղահանման խորը ճգնաժամին և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նկատելի օտարմանը։ Այս մասին ասված է   Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում։ Զեկույցի ներկայացումը նախատեսված է այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքների շրջանակում։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձգտում էր ամրապնդել եվրոպամետ ուղեգիծը։ «Ընդդիմությունը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իրենց քարոզարշավը կառուցել են անվտանգության, ինքնիշխանության և Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցության օրակարգերի շուրջ»,-ասված է զեկույցում։

Զեկույցի հեղինակն ընդգծել է, որ հասարակության մեջ առկա լայնածավալ բևեռացումն ու զանգվածային բողոքի ակցիաները լարված ներքաղաքական մթնոլորտ էին ստեղծել։

«Պետական ​​ինստիտուտների և ընտրությունների միջոցով քաղաքական փոփոխությունների հնարավորության նկատմամբ վստահությունը թուլացել է՝ տարիներ շարունակ առճակատման հետևանքով։ Իրավիճակն էլ ավելի բևեռացավ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության միջև առաջացած աննախադեպ լարվածության, ինչպես նաև ընդդիմության և կրոնական ոլորտի մի շարք ազդեցիկ գործիչների դեմ հարուցված քրեական գործերի (ներառյալ՝ նախնական կալանքի կիրառումը) պատճառով»,-ասված է զեկույցում։

ԵԽԽՎ զեկույցում արձանագրել են էական բացթողումներ.

երկքաղաքացիությանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող դրույթներ, որոնք հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և ՄԱԿ-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի հանձնարարականներին.

 ​​ 2. շարունակվող անորոշություն՝ կապված առցանց քարոզարշավի և երրորդ կողմի կողմից ֆինանսավորման հետ.

  1. դատական ​​բողոքարկման և կուսակցական ցուցակների հետ կապված՝ իրավական կարգավիճակի անբավարարություն
  2. վարչական ռեսուրսի չարաշահման դեմ արդյունավետ երաշխիքների և համաչափ պատժամիջոցների բացակայություն։

Բացի այդ, եվրոպացի դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկի ցուցակը կին չէր գլխավորում։

«Չնայած ընտրական վարչակազմում և խորհրդարանում գենդերային քվոտաների, ինչպես նաև գենդերային հավասարակշռություն ապահովող ղեկավար մարմիններ ունեցող կուսակցությունների համար նախատեսված ֆինանսական խթանների առկայությանը՝ հանրային և քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը մնաց ցածր մակարդակի վրա։ Կանայք կազմում էին թեկնածուների 37,3 տոկոսը»,-նշում են զեկույցի հեղինակները՝ միաժամանակ արձանագրելով, որ սա Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։