ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։ Նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք չունեն օրենքով սահմանված համապատասխան խաղային գործունեության լիցենզիա։

Հաշվի առնելով նոր իրավակարգավորումը՝ ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների և դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից և խուսափել օրենքով սահմանված խախտման յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանքից։