Առաջարկվում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին
ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագիր սովորողներին տարկետում տրամադրել՝ ուսումնառության ամբողջ ժամկետով։ Միաժամանակ, այդ կրթական ծրագիրն ավարտած և ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում Ոստիկանության կամ Փրկարար ծառայության պաշտոնի նշանակված անձանց առաջարկվում է ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, եթե նրանք օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետով ծառայեն այդ մարմիններում։ Տարկետման և ծառայության ժամկետը չի կարող տարածվել 35 տարին լրանալուց հետո։
«Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների համար առկա է ընդունելության այնպիսի նախապայման, որը սահմանափակում է հանրակրթությունն ավարտելուց հետո անմիջապես համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։ Մասնավորապես, ընդունելությանը կարող է մասնակցել միայն 18 տարին լրացած այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ օրենքով նախատեսված բացառություններով։
Արդյունքում, այն երիտասարդները, որոնք դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում գիտակցված ընտրությամբ ցանկանում են իրենց մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, չեն կարող անմիջապես ընտրել այդ ոլորտների համար նախատեսված մասնագիտական կրթական ուղին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծով նախատեսվում է ընդունելության առաջին փուլում 70 տեղ՝ տարկետման իրավունքով, հետագայում տեղերի թիվը կարող է ավելացվել Կառավարության որոշմամբ։ Հիմնավորման համաձայն՝ մեկ սովորողի համար մեկ տարի վեց ամիս տևողությամբ կրթության հաշվարկային ծախսը կազմում է 4 մլն 333 հազար 320 դրամ։

