ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատարին՝ Կիևին զինամթերքի մատակարարումների պատճառով

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դոլակիան կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Լոնդոնի կողմից Կիևին զինամթերքի մատակարարումների ավելացման կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դոլակիան, որին վճռական բողոք է հայտնվել Լոնդոնի կողմից կիևյան վարչակարգին ԱԹՍ-ների և սպառազինության այլ համակարգերի մատակարարումների հետագա ավելացման կապակցությամբ»,- նշել են նախարարությունում։

«Ընդգծվել է, որ հեռահար հարձակողական սպառազինությունների զանգվածային մատակարարումներով Լոնդոնն իրեն դնում է կիևյան վարչակարգի արյունալի չարագործությունների մեղսակցի դիրքում, որոնք այլ կերպ, քան ահաբեկչություն և ռազմական հանցագործություններ, չեն կարող բնութագրվել»,- հավելել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ում նշել են, որ բրիտանական կողմին պահանջ է ներկայացվել հրաժարվել վարվող էսկալացիոն գծից և իր գործողությունները փոխադրել համապատասխան միջազգային պարտավորությունների հուն: Նրան պարզաբանվել են Ուկրաինայի հարցով ապակառուցողական գործողությունների հետ կապված ռիսկերը։