ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցից հետո հայտարարել է Կիևին հերթական 3,3 միլիարդ եվրոյի վարկային ֆինանսավորումը հատկացնելու մասին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի կողմից սեպտեմբերի 17-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։

«Վաղը մենք Ուկրաինային ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնենք հրթիռներ և անօդաչուներ գնելու համար։ Անցյալ շաբաթ մենք հավանություն տվեցինք ԵՄ-ի կողմից Patriot համակարգերի ֆինանսավորմանը Ուկրաինայի վարկային աջակցության մեր ծրագրի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։

«Բայց, ակնհայտորեն, ավելին է պահանջվում: Ահա թե ինչու ես հայտարարեցի SAFE (խմբ.՝ ԵՄ-ի համատեղ պաշտպանական գնումներ) հիմնադրամի մնացած միջոցներն օգտագործելու մեր պատրաստակամության մասին՝ ԵՄ-ի և Ուկրաինայի համատեղ պաշտպանական նախագծերի նոր ծրագրի գործարկման համար։ Մենք ցանկանում ենք համատեղ ստեղծել հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգ՝ հիմնվելով Freya հակահրթիռային պաշտպանության մեր համատեղ համակարգի վրա», – հավելել է ֆոն դեր Լայենը։

Նրա պնդմամբ՝ դա հնարավորություն կտա Ուկրաինայի մարտական ​​փորձն ու նորարարական ներուժը միավորել Եվրոպայի տեխնոլոգիական և արդյունաբերական կարողությունների հետ։