Առաջարկվում է երկարացնել ԼՂ տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները։

Մասնավորապես,

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց սոցիալական աջակցության ծրագիրը շարունակել մինչև 2027 թ մարտ ամիսը ներառյալ, 30000 դրամի չափով, իսկ ապրիլից մինչև հունիս ամիսը ներառյալ ամիսների համար՝ 15000 դրամի չափով,

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը երկարացնել մինչև 2027 թ դեկտեմբեր ամիսը ներառյալ:

Միաժամանակ, Ղարաբաղից տեղահանված անձինք, ՀՀ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։

Հիշեցնենք, որ շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը, որի շրջանակում 8310 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որից իրացվել են 4750-ը։

Մեկնարկել է նաև Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման ծրագիրը, որի շրջանակում տրվում է աջակցություն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը՝ երկարաժամկետ վարձակալության վճարի փոխհատուցման համար։