Հայաստանում ՌԴ ներդրումներով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթում է․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽ) Սերգեյ Շոյգուն Հայաստանում այն ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, անվանել է «ռեյդերային զավթում»։
«Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում են ոչ բարեկամական գիծ և բացահայտ «երկակի ստանդարտներ»։ Այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»», — ասել է նա Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում։
«Միևնույն ժամանակ առաջ են քաշվում բացահայտ անհեթեթ փաստարկներ, օրինակ՝ այն, որ Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի կողմից շարունակվի հայկական երկաթուղիների կառավարումը», — շարունակել է Շոյգուն։

