Գանձասարի ձեռագրերից մինչև Դադիվանք՝ բնօրինակները պահվում են Երևանի Մատենադարանում, Հաջիևը տարածում է պարզունակ կեղծիքներ

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելը նոր երևույթ չէ. ավելին՝ դեռևս 1950-ական թվականներից սկսած Ադրբեջանն իրականացնում է այդ քաղաքականությունը։ Ուղղակի եթե այն ժամանակահատվածում սակավաթիվ հուշարձաններ էին ներառվում դրա տիրույթում, ապա ժամանակի ընթացքում աշխարհագրությունն ընդլայնվեց եթե նախկինում հիմնական թիրախը Արցախի, Ուտիքի, Նախիջևանի մշակութային ժառանգությունն էր, ապա ներկայումս աշխարհագրությունն ընդգրկում է նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքում գտնվող որոշ հայկական եկեղեցիներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի՝ Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական Գանձասարն ու Դադիվանքը աղվանական անվանելուն՝ Ավանեսովն ընդգծեց, որ սրանք այն պատմամշակութային հուշարձաններն են, որոնց աղվանականացման քաղաքականությունն իրականացվում էր դեռևս խորհրդային ժամանակաշրջանում՝ 1950-60-ական թվականներին, երբ այդ քաղաքականությունը սկսեց համակարգային բնույթ կրել։

«Սրա նպատակն այն է, որ կեղծվի ու խեղաթյուրվի հայկական ժառանգությունը։ Արդյունքում՝ կեղծ օրակարգեր են առաջ բերում այդ հուշարձանների հետ կապված, թե իբր արձանագրությունները հետագայում են ավելացվել մեր կողմից, ինչն իրականում փաստերի հետ որևէ աղերս չունի։ Այդ արձանագրությունները բավականին պատմություն ունեն և համապատասխանեցված են այն ժամանակահատվածներին, որոնցով թվագրված են՝ այն ժամանակաշրջանին, երբ այդ վանական համալիրները կառուցվել են կամ հետագայում, երբ դրանց վրա աշխատանքներ են իրականացվել և, բնականաբար, արձանագրություններ են թողնվել։

Դրանց հայկական լինելու մասին բազմաթիվ ապացույցներ կան, բազմաթիվ հեղինակներ են այդ մասին խոսում, այնպես որ, այս թեզերը, որ առաջ են տանում Ադրբեջանի իշխանությունները, իրականության հետ աղերսներ չունեն»։

Նա անդրադարձավ նաև Գանձասարի վանքին կից գործող մատենադարանի տարածքից հրապարակված տեսանյութին, որտեղ Հաջիևը, դեսպաններին ցույց տալով ցուցանմուշները, նշում էր, թե իբր դրանք բնօրինակներ են։ Ավանեսովն ընդգծեց, որ այդ դեսպանների այցն ապօրինի էր, իսկ ցուցադրվածները իրականում կրկնօրինակներ են դրանց բնօրինակները պահպանվում են Երևանի Մատենադարանում, և ժամանակին դրանք կրկնօրինակվել էին հենց մշակութային արժեքները թաքցնելու ու անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Բացի դրանից՝ պետք է նշենք, որ ձեռագրերի կրկնօրինակումն աշխարհի առաջատար թանգարանային պրակտիկային յուրահատուկ գործընթաց է, և, բարեբախտաբար, Մատենատարանի տնօրենը ևս անդրադարձավ դրան՝ կոչ անելով, որ ցանկացած դիվանագետ կարող է գալ և տեղում ծանոթանալ բնօրինակներին։ Բնականաբար, նման ընթացակարգեր գոյություն ունեն դրանք պահպանելով՝ ցանկացած դիվանագետ կամ գիտնական կարող է ծանոթանալ այդ ձեռագրերին։

Ցավոք սրտի՝ ավելի բարձր մակարդակով պատասխան կամ արձագանք այս ապօրինի այցին Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչեցվել, ինչը հավելյալ «կանաչ լույս» է վառում Ադրբեջանի հետագա հանցավոր քաղաքականության համար։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ պետք է շեշտենք, որ օտարերկրյա դիվանագետները կամ ցանկացած այլ պատվիրակություն, որն այցելում է Արցախ, դառնում է Ադրբեջանի մշակութային ցեղասպան քաղաքականության հանցակիցը։ Մեր իշխանությունները յուրաքանչյուր նման այցի պետք է արձագանքեն՝ բողոքի նոտա հղեն, բացատրություններ պահանջեն և մատնանշեն այն հանգամանքը, որ ամեն նման այցից հետո բազմաթիվ վանդալիզմի դեպքեր են տեղի ունենում։ Առնվազն Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը, Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալությունը և մի շարք այլ գործընկեր կազմակերպություններ բազմիցս հրապարակել ենք փաստեր, որոնք արձանագրվել են հենց նման այցերից հետո սա վկայում է այն մասին, որ նման այցերը կանաչ լույս են վառում Ադրբեջանի մշակութային ցեղասպան քաղաքականության համար»,- ընդգծեց նա։