Հայաստանը միացել է Անդրկասպյան միջանցքի մաքսային համագործակցության քննարկմանը
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած «Մաքսային ոլորտը միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգում. Եվրոպական Միության կապումը Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի հետ» խորագրով աշխատաժողովին: Միջոցառմանը Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են Եվրոպական Միությունում և Մաքսային համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Տիգրան Մնացականյանը:
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի, Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում ծրագրի և Լեհաստանի Ազգային եկամուտների վարչության հետ համատեղ, որին մասնակցել են մաքսային ոլորտի ներկայացուցիչներ 15 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելգիայից, Չեխիայից, Վրաստանից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ուկրաինայից և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներից, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների (EU TAXUD, ITC, UNECE, GIZ) ներկայացուցիչներ: Միջոցառման առանցքում փորձի փոխանակումն էր և գործնական լուծումների մշակումը՝ ուղղված մաքսային համագործակցության ընդլայնմանն ու Անդրկասպյան տրանսպորտային միջանցքով (TCTC) ապրանքների անվտանգ և անխափան տեղաշարժի ապահովմանը:
Միջոցառման ընթացքում քննարկվել են սահմանային հսկողության միջազգային չափանիշներին, միջգերատեսչական համագործակցությանը, մաքսային տեղեկատվության փոխանակմանը, ռիսկերի գնահատմանն ու ՏՀՏ լուծումների կիրառմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև «Մեկ պատուհան» (One-Stop Border Control) սկզբունքի, համատեղ ստուգումների, մաքսային և տարանցիկ ընթացակարգերի, այդ թվում՝ eTIR համակարգի, ներդաշնակեցմանը։ Ներկայացվել են նաև սահմանային հսկողության ժամանակակից տեխնիկական միջոցների հնարավորությունները, մասնավորապես մասնակիցները ծանոթացել են սկանավորող սարքավորումներին և գործնականում շարժական ստորաբաժանումների աշխատանքին։ Կազմակերպվել է նաև ճանաչողական այց՝ Վարշավայի մաքսային գրասենյակ։
Միաժամանակ, վեր են հանվել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքում առկա հիմնական խոչընդոտներն ու քննարկվել դրանց հնարավոր լուծումները: Արդյունքում մասնակիցներն արդեն սկսել են մշակել համատեղ գործողությունների ծրագիր (Common Action Plan), ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի ու առաջիկա հանդիպումների նախապատրաստման շուրջ:

