Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը
Եվրոպական խորհրդարանն այսօր ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին, որով Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ կստեղծվեն, հաղորդում է «Ազատությունը»:
Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը սա ևս մեկ նշանակալի քայլ է համարել Հայաստան-Եվրամիություն գործընկերության համար:
Առևտրի ինքնավար միջոցառումներ (Autonomous Trade Measures – ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:
Երևանին Բրյուսելի սպասվող աջակցության մասին «Ազատություն»-ը դեռ երեք ամիս առաջ էր հաղորդել, մեկ ամիս անց էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ազդարարեց՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել:
Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:
Բրյուսելի առաջարկը 324 ապրանքախմբի համար ազատ առևտրի հնարավորություն է նախատեսում: Եվրամիության հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանն ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի: Եվրամիության գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:
Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։

