Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային
Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Եմենի հարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստաընկերությունը:
Ինչպես հաղորդում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժումն էլ զանգվածային հարված է հասցրել Սաուդյան Արաբիային: Թիրախավորվել են երկրի 6 տարածաշրջաններ։
Նշվում է, որ լայնածավալ հարձակման ընթացքում հութիները կիրառել են բալիստիկ հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ամբողջ Սաուդյան Արաբիայում հնչում է օդային տագնապ, լսելի են հզոր պայթյուններ։
«Reuters» գործակալության տվյալներով` սեպտեմբերի 14–ին Սաուդյան Համիս Մուշեյթ, Աբհա և Թաիֆ քաղաքների վրա հութիների հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ:
Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը հայտնել էր, որ Էր Ռիադը պաշտոնապես դիմել է բրիտանական իշխանություններին` դիվանագիտական և ռազմական աջակցություն ստանալու խնդրանքով:
Սաուդյան կողմը Կարմիր ծովի ափի երկայնքով հութիների հարձակումը հետ մղելու, ինչպես նաև նավթային ենթակառուցվածքի պաշտպանության հարցերով ակնկալում է օպերատիվ աջակցություն:
Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնեմը գնահատում է նման քայլի ռիսկերը։ Մի կողմից Լոնդոնը վախենում է Մերձավոր Արևելքում տևական պատերազմի մեջ ներքաշվելուց, մյուս կողմից մտահոգված է երկրի նոր բյուջեի մոտալուտ ներկայացման նախօրեին բրիտանական տնտեսությանը հասցված վնասով։
Հիշեցնենք, որ հութիները հուլիսից գրեթե ամեն օր գնդակոծում են Սաուդյան Արաբիայի հարավը՝ ի պատասխան Եմենի տարածքին հասցված հարվածների:

