Ամառային ջերմ օրերը կշարունակվեն. կանխատեսվում է մինչև 35 աստիճան տաքություն․ Սուրենյան
Առաջիկայում սպասվում են ջերմ, արևային օրեր։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վերջին 5 օրերին մեր երկիրը գտնվում է հարավից արևադարձային պետություններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց զարգացման պիկին կհասնեն սեպտեմբերի 15-ին, ինչի արդյունքում ցերեկային ժամերին Երևանում, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում կանխատեսվում է մինչև 33-34, առանձին հատվածներում նույնիսկ 35 աստիճան տաքություն։ Այսօրվա դրությամբ օդի օրական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր է 2-4 աստիճանով»,-ասել է նա։
Սուրենյանի հաղորդմամբ՝ մինչև սեպտեմբերի 17-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
«Միայն սեպտեմբերի 18-ին և 19-ին օդի ջերմաստիճանը ոչ էական, մոտ 2-4 աստիճանով կնվազի։ Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-ից 19-ին նաև կենտրոնական շրջաններում»,-ասել է նա։

