Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Կառավարությունն առաջարկում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստը։ Նախագիծն Աժ-ում ներկայացրեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորեց նրանով, որ գործող տեքստը ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։

«Առաջարկվող նոր տեքստում օգտագործված հասկացությունը ընտրվել են արտացոլելու համար Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը, ժողովրդավարական կառավարման սկզբունքները և կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը»։

Անդրադառնալով փոփոխվող հիմնական ձևակերպումներին՝ նա նշեց, որ առաջարկում են երդման տեքստում կիրառել «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման ձևակերպումը»:

««Ծառայել հանրային շահին» ձևակերպմամբ սահմանվում է, որ կառավարության անդամի գործունեությունը պետք է ուղղված լինի հանրային շահի ապահովմանը և չպետք է պայմանավորված լինի մասնավոր կամ առանձին խմբերի շահերով։ «Պաշտպանել պետական շահը» ձևակերպումը կառավարության անդամի պարտականությունը կապում է Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության հետ։

«Իր լիազորությունների իրականացման շրջանակներում նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդման» դրույթը նախատեսում է կառավարության անդամի կողմից պետական ինստիտուտների և սահմանադրական կարգի ամրապնդմանն ուղղված գործունեություն։

«Գործել ի շահ ներկա և ապագա սերունդների ձևակերպումը»՝ կառավարության անդամի գործունեության շրջանակում ընդգծում է երկարաժամկետ հետևանքների հաշվառումը և այնպիսի որոշումների կայացումը, որոնք հաշվի են առնում նաև ապագա սերունդների շահերը։ Այս մոտեցումը միտված է ամրապնդելու միջսերնդային պատասխանատվության սկզբունքը պետական կառավարման մեջ։ Արդյունքում կունենանք երդման հետևյալ տեքստը.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման.

Երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»»: