Ֆոն դեր Լեյենը մեկնում է Փարիզ՝ համոզելու հիասթափված ֆրանսիացիներին ԵՄ «օգտակարության» հարցում. Politico

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ելույթ կունենա Փարիզի տիեզերական գագաթնաժողովում, որտեղ կփորձի համոզել հիասթափված ֆրանսիացիներին միավորման առավելությունների հարցում՝ երկրում եվրոսկեպտիկ տրամադրությունների կտրուկ աճի և մոտեցող նախագահական ընտրությունների ֆոնին: Այս մասին գրում է Politico-ն։

«Սա «կարմիր տագնապի» մակարդակի իրավիճակ է։ Ես երբեք չեմ տեսել Ֆրանսիան ԵՄ-ի նկատմամբ այդքան բացասական տրամադրված, որքան հիմա է»,- հրատարակությանն ասել է եվրոպացի պաշտոնյան։

Սակայն, Politico-ն նշում է, որ Ֆոն դեր Լեյենի ելույթը կարող է չունենալ այն ազդեցությունը, որի hույսն ունի Բրյուսելը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը ելույթ կունենա Փարիզի Գրան Պալեում կայանալիք միջազգային տիեզերական գագաթնաժողովում, որը կազմակերպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Politico-ի տվյալներով՝ Ֆոն դեր Լեյենի հիմնական ուղերձը կլինի այն, որ Եվրոպական միության շնորհիվ են եվրոպական երկրները կարողանում իրականացնել խոշորածավալ նախագծեր և մրցակցել այլ համաշխարհային տերությունների հետ։

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ Ֆոն դեր Լեյենը կներկայացնի ԵՄ առաջնահերթությունները տիեզերական ոլորտում։

Politico-ն նշում է, որ Ֆրանսիայում Բրյուսելի համար քաղաքական մթնոլորտը մնում է չափազանց անբարենպաստ։ Աջակողմյան առաջնորդ Մարին Լը Պենն առաջատար է հաջորդ տարվա նախագահական ընտրություններից առաջ անցկացվող հարցումներում, մինչդեռ եվրոսկեպտիկ Ժան-Լյուկ Մելանշոնն իրական հնարավորություն ունի անցնելու երկրորդ փուլ։ Լը Պենի հնարավոր հաղթանակն, ըստ լրատվամիջոցի, կարող է լուրջ հետևանքներ ունենալ Եվրամիության ապագայի համար։

Ֆրանսիայի նախագահի առաջատար թեկնածուներից լրատվամիջոցը նշում է միայն երկու քաղաքական գործչի անուն, որոնք ունեն հստակ եվրոպամետ դիրքորոշում՝ Եվրախորհրդարանի անդամ Ռաֆայել Գլյուքսմանն ու նախկին վարչապետ Գաբրիել Ատալը։