Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Իտալիայի ռազմաօդային ուժերը MQ-9A Block 5 Reaper տեսակի ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք բերելու լրացուցիչ պատվեր են կատարել ամերիկյան General Atomics մասնավոր ընկերությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է արտադրող ընկերության մամուլի ծառայությունը։

Անօդաչու թռչող սարքերը նախատեսվում է Ապենինյան թերակղզի մատակարարել հաջորդ տարվա վերջին։ Իտալիայի պատվիրած Block 5 տեսակի սարքն ունակ է հասնել ավելի քան 13․7 հազար մետր բարձրության և տեղափոխել շուրջ 2 տոննա բեռ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունն աստիճանաբար շահագործումից հանում է General Atomics-ի արտադրած MQ-9 Reaper տեսակի ԱԹՍ-երը՝ նախատեսելով դրանք փոխարինել ավելի էժան հարվածային հետախուզական սարքերով։ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերի արժեքը կարող է տատանվել 30- 50 միլիոն դոլարի սահմաններում՝ կախված տեխնիկական հագեցվածության աստիճանից և կրելիք սպառազինության տեսակներից։