Ուիթքոֆն ու Քուշները Կիև են բերել խաղաղության ավելի վատ պայմաններ, քան նախկինում էին․ Գերագույն ռադայի պատգամավոր

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Կիև են բերել խաղաղության համաձայնագրի ավելի վատ պայմաններ, քան նրանք, որոնք նախկինում առաջարկվում էին Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք եկել են ավելի վատ պայմաններով, քան մենք ունեինք նախկինում: Ավելի վատ պայմաններ են բերել․ եթե նախկինում չէին պահանջվում սահմանադրական փոփոխություններ և տարածքների ճանաչում, ապա այժմ պահանջել են: Այնտեղ կան նաև մի շարք նրբություններ, որոնք չեմ ցանկանում հնչեցնել, քանի որ տեղեկատվությունը ստացվել է ոչ պաշտոնական աղբյուրներից»,- ասել է նա ուկրաինացի լրագրող Վիտալի Դիկոյին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Վլադիմիր Զելենսկուն հայտարարել են, որ ցանկանում են հասնել ճեղքման Ուկրաինայի հարցով բանակցություններում մինչև ձմեռ: