COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Երևանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակներում Երևանի 2750-ամյակի այգում կգործի  քաղաքային կենսաբազմազանության գոտի, որտեղ կներկայացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մի շարք բնապահպանական ծրագրեր, բնության պահպանության, կանաչ ենթակառուցվաքծների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականցվող նախաձեռնություններ և ծրագրեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

«2750-ամյակի այգում ներկայացվելու են Երևանի քաղաքապետարանի երկու կարևոր ծրագրեր և դրանց նվիրված երկու պավիլիոն է լինելու. մեկը նվիրված է լինելու Հրազդանի կիրճին, մյուսը՝ Դալմայի այգիներին։ Երևանցիները և Երևանի հյուրերը կկարողանան ականտես լինել այն բոլոր կատարված աշխատանքներին, կենսաբազմազանության ուսումնասիրություններին, որոնք եղել են այս տարածքներում, ինչպես նաև՝ տարածքների հետ կապված հետագա լուծումերի վերաբերյալ մեր պատկերացումներին։ Կենսաբազմազանության քաղաքային գոտին նաև հնարավորություն է տալիս ավելի լայն հանրությանը ներկայացնել Երևանի բնապահպանական նախաձեռնությունները և նախագծերը։ Այս տարածքում նախատեսել ենք թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ, բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություն, համերգային և մշակութային ծրագրեր, մասնագիտական և հանրային երկխոսություն քաղաքային բնության և դրա ապագայի շուրջ»,- մանրամասնել է Հայկազյանը։

Նա հավելել է, որ այդ հարթակում բնապահպանական նախաձետնություններ և ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալու հանդես գալ տարբեր աշխպատարաններով, անցկացնել սեմինարներ։

«Այս հարթակի բուն նպատակն է հասարակ քաղաքացուն ցույց տալ, թե Երևանում այս օրերին ինչ միջոցառում է անցկացվելու, դրա նպատակը որն է, և ինչ կարևոր դեր է այն խաղում Երևանի բնապահպանական ծրագրեի և առհասարակ բնության համար։ Սա լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլ նաև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։ Առաջիկայում կներկայացվեն, թե՛ միջոցառումների ժամանակացույցը, թե՛ ավելի մանարամասն տեղդեկատվություն կհրապարակվի»,- եզրափակեց Սիրարփի Հայկազյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ Cop17-ի շրջանկաներում Երևանը սպասում է մոտավորապես 15 հազար հյուրերի տարբեր երկրներից։ «Ես կարծում եմ, որ քաղաքը պետք է պատրաստ լինի այդ հյուրերին ընդունելուն»,- նշել է Ավինյանը։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանում։