Փաշինյանը փորձում է «հեղափոխություն» հասկացությունը կրկին դարձնել Հայաստանի քաղաքական խոսակցության կենտրոնական կատեգորիա
Այն փաստը, որ Փաշինյանն օրերս, իր խոսքում հատուկ նշեց համաշխարհային հայտնի արկածախնդիր մի քանի հեղափոխականների անունները, բնավ պատահական չէր, ոչ էլ՝ օդում ասված խոսք. հերթական անգամ հանրային դիսկուրսում սեփական օրակարգով շարժվելու փորձ էր, որն, իմ կարծիքով, չստացվեց:
Մի քանի դիտարկմամբ եկեք հասկանանք, թե ինչո՞ւ էին ընտրվել հենց այդ կերպարները, և ո՞րն էր ասելիքի ենթատեքստը։
Բանն այն է, որ Լենինը, Մաոն, Հավելը և Մանդելան նույն քաղաքական ավանդույթի ներկայացուցիչներ չեն։ Լենինի և Մաոյի դեպքում հեղափոխությունը կապված է արմատական իշխանափոխության և հասարակական համակարգի վերակառուցման հետ։ Հավելը խորհրդանշում է այլախոհությունից դեպի քաղաքական համակարգի փոփոխություն անցումը։ Իսկ Մանդելայի դեպքում առանցքային է երկարատև հակամարտությունից հետո նոր քաղաքական կարգի ձևավորումը։
Այսպիսով, նրանց միավորողը ոչ թե կոնկրետ գաղափարախոսությունն էր, այլ իրականացրած քաղաքական մեծ փոփոխութունը և դրան հաջորդած նոր հասարակական ու պետական կարգի ձևավորման խնդիրը։
Ըստ էության Նիկոլը հեղափոխությունը ներկայացնում է ոչ որպես արդեն ավարտված իշխանափոխություն, որի արդյունքները կարելի է ամփոփել, այլ որպես գործընթաց, որի նշանակությունը դեռ վերջնականապես չի բացահայտվել։ Այդ տրամաբանության մեջ 2018 թվականը դառնում է ոչ թե փակված քաղաքական իրադարձություն, այլ հետագա փոփոխությունների ելակետ։ Այստեղից էլ բխում է նրա «նոր հեղափոխության» մասին ձևակերպումը։ Եթե հեղափոխության էությունը իշխանության փոփոխությամբ չի ավարտվում, ապա դրա հաջորդ փուլը կարող է ներկայացվել որպես հասարակության, պետության և քաղաքական մշակույթի հետագա վերափոխում։
Գաղտնիք չէ, որ Փաշինյանի համար 2018 թվականի հեղափոխություն կոչվածը քաղաքական լեգիտիմության առանցքային աղբյուր է, սակայն ցանկացած հեղափոխական իշխանության առաջ ժամանակի ընթացքում առաջանում է նույն խնդիրը․ հեղափոխությունը դառնում է անցյալ, իսկ իշխանությունը ստիպված է արդեն գնահատվել իր կառավարման արդյունքներով։ Փաշինյանի այս խոսքը այդ խնդրի նկատմամբ առաջարկում է այլ տրամաբանություն։ Նա փորձում է 2018-ը պահել քաղաքական ներկայի մեջ՝ այն ներկայացնելով որպես դեռ չավարտված գործընթաց։ Այդպիսով իշխանության գործունեությունը հնարավոր է կապել ոչ միայն արդեն տեղի ունեցած հեղափոխության, այլ դրա ենթադրվող հաջորդ փուլերի հետ։
Այստեղ է նաև նոր օրակարգի ձևավորման փորձը։
Ստացվում է, որ այս «ռակիրովկան» իշխանությանը քաղաքականապես ավելի շահեկան դիրք է տալիս, որովհետև ապագայի վերափոխման մասին խոսակցությունը թույլ է տալիս երկրորդ պլան մղել արդեն կատարվածի գնահատումը և քաղաքական բանավեճը տեղափոխել դեռ չիրականացված նպատակների դաշտ։
Այդ պատճառով Լենինի, Մաոյի, Հավելի և Մանդելայի հիշատակումը կարելի է դիտարկել նաև որպես Փաշինյանի կողմից նոր գաղափարական շրջանակի նախապատրաստում։ Նա տարբեր պատմական փորձերից վերցնում է ոչ թե դրանց ամբողջական գաղափարախոսությունը, այլ «հեղափոխական փոփոխության» ընդհանուր պատկերացումը և այն կապում Հայաստանի հետ։
Ուստի այս հայտարարության մեջ ես ամենակարևորն եմ համարում ոչ թե այն, որ Փաշինյանին սկսել են հետաքրքրել Լենինը, Մաոն, Հավելը կամ Մանդելան, այլ այն է, որ նա փորձում է «հեղափոխություն» հասկացությունը կրկին դարձնել Հայաստանի քաղաքական խոսակցության կենտրոնական կատեգորիա՝ արդեն 2018-ի իրադարձությունից դուրս և ապագա քաղաքական փոփոխությունների տրամաբանությամբ։
Փաստացի Նիկոլը փորձում է վերականգնել իր քաղաքականության համար հեղափոխական հիմնավորումը՝ արդեն իշխանափոխությունից հետո։ Նա նորից շրջանառության մեջ է դնում այն գաղափարը, որ երկիրը գտնվում է փոփոխության շարունակվող փուլում, և այդպիսով գործող իշխանությունը կարող է ներկայանալ ոչ միայն որպես ութ տարի կառավարած իշխանություն, այլ որպես դեռևս չավարտված գործընթացի քաղաքական կրող։
Նիկոլի այս խոսույթի ամենաուղիղ նախադեպը Մաո Ձեդունն է։ Չինական հեղափոխությունից հետո Մաոյի մոտ ձևավորվեց «շարունակվող հեղափոխության» գաղափարը․ նա 1949 թվականի հեղափոխությունը չէր համարվում ավարտված, ընդհակառակը, Մաոյի պնդմամբ՝ այն պետք է շարունակվեր արդեն հասարակության ներսում՝ կուսակցության, պետական ապարատի, մշակույթի, կրթության, արժեքների և մարդկանց մտածողության վերափոխման միջոցով։ Այդ տրամաբանության ծայրահեղ դրսևորումը դարձավ 1966-ի այսպես կոչված «Մշակութային հեղափոխությունը», որի առանցքային կերպարն, ի դեպ, Մաոյի կինն էր՝ Ձյան Ձին։
Ամփոփելով նշենք, որ այդպիսի խոսույթը սովորաբար հայտնվում է այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է իր քաղաքական լեգիտիմությունը կապել ոչ թե արդեն ստացված արդյունքների, այլ դեռ չավարտված պատմական առաքելության հետ։
Հ․գ․ Ձյան Ձին 1981 թվականին դատարանում, որտեղ բնավ չէր ընդունում իր մեղքն ու կատարած հանցանքները, հպարտ հայտարարել է․ «Ես Մաոյի շունն էի. ում նա ասում էր՝ կծիր, ես կծում էի»։

