Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին․ «Փաստինֆո»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը կարող է «խոցելի» լինել իշխանությունների համար։ Շուրջ մեկ տարի է, ինչ նրա հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու վերաբերյալ հարցը քննության առարկա է՝ ինչպես կարգապահական, այնպես էլ՝ քրեական վարույթների շրջանակներում։ Կարգապահական վարույթի քննությունը ԲԴԽ-ում 2025թ մայիսից կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2025 թ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագիրը և կասկածներ ունեցել, որ գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ։ Այդ առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների համաձայն՝ ԿԿՀ-ն դատավորից պարզաբանում է հայցել և ստացել, սակայն պարզաբանումը կառույցին չի գոհացրել։ Ըստ ԿԿՀ-ի՝ պարզաբանումները չեն հաստատել, որ իր գույքի փոփոխությունը ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական է և արժանահավատ։ Ըստ այդմ, ԿԿՀ-ն դատավորի նկատմամբ վարույթ է հարուցել և միջնորություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Վահագն Մելիքյանին։ Բացի ԲԴԽ ներկայացված միջնորդությունից՝ կառույցը զուգահեռաբար նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել։ Արդյունքում՝ Հակակոռուպցոին կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթը, իսկ ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին գործի քննությունը ԿԿՀ միջնորդության հիման վրա կասեցվել էր։ Նշենք, որ գործը ԲԴԽ-ում քննվում էր դռնփակ ռեժիմով։

«Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ ԲԴԽ-ում գործի քննությունը դեռևս չի վերաբացվել, ըստ այդմ, գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, միևնույն ժամանակ, այս ընթացքում չի հաղթահարվել նաև Վահագն Մելիքյանի անձեռնմխելիությունը, համենայն դեպս, ԲԴԽ-ում գլխավոր դատախազությունը Մելիքյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ միջնորդություններ չի ներկայացրել։ Ի դեպ, Վահագն Մելիքյանի անունը միայն այս վարույթով չէ, որ շրջանառվել է։

Դեռ տարիներ առաջ՝ 2020թ, երբ դատավորին էր մակագրվել Միքայել Մինասյանի խափանման միջոցի հարցի քննարկումը, «Փաստինֆո»-ն ԱԱԾ-ի աղբյուրներից ստացված տեղեկություններով հայտնել էր, որ դատավորին ԱԱԾ էին հրավիրել, ցույց տվել անձնական բնույթի տեսագրություններ և պահանջել կալանավորել Մինասյանին։