ԵՄ ուժերը ՌԴ «ստվերային նավատորմի» հետ կապված լցանավ են կալանել

ԵՄ ուժերը Միջերկրական ծովում կալանել են ևս մեկ լցանավ, որը կապված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ, հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 30-ին ԵՄ պարեկային խմբերը բարձրացել են Կամերունի դրոշի ներքո նավարկող MV Sun լցանավի վրա։ Պարեկային խումբը կասկածել է, որ նավն իրականում այլ երկրի դրոշի ներքո է նավարկում և բարձրացել է նավ՝ այն ստուգելու համար։ Նավը կալանվել է մինչև հետաքննության ավարտը։

Marinetraffic.com կայքի տվյալներով՝ MV Sun նավը հուլիսի 4-ին դուրս է եկել Նովոռոսիյսկից և ուղևորվել դեպի դանիական Սկագեն նավահանգիստ։ Այն ներկայումս Միջերկրական ծովի արևմտյան մասում է։ Այս տեսակի լցանավը կարող է մինչև 159,000 տոննա նավթ տեղափոխել։

Կալլասը պարզաբանել է, որ վերջին ամիսներին սա արդեն վեցերորդ դեպքն է, երբ միջազգային պատժամիջոցների շրջանցմամբ ենթադրաբար Ռուսաստանին նավթի փոխադրման ծառայություններ մատուցող նավ է կալանվում:

«Ստվերային նավատորմի նավերի միջոցով նավթի անօրինական առևտուրը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համար, և մենք կշարունակենք կանխել այն»,- գրել է պաշտոնյան։

Կայա Կալլասը նաև նշել է, որ «ստվերային նավատորմի» դեմ պայքարը կլինի այն թեմաներից մեկը, որը ԵՄ պաշտպանության նախարարները կքննարկեն այսօր Իռլանդիայում կայանալիք հանդիպմանը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ստվերային նավատորմի» նավերի առգրավումը անվանել էր «կողոպուտ և ծովահենություն» և խոստացել, որ Ռուսաստանը «նույն կերպ կպատասխանի» նման գործողություններին։

Reuters-ը հաղորդել է, որ 2026 թվականի սկզբից ի վեր Եվրոպայում կալանվել է ինը նման լցանավ, որոնցից չորսը՝ Ֆրանսիայում: Սովորաբար նավերի սեփականատեր ընկերությունները տուգանվում են, իսկ նավերն ազատ են արձակվում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն ունի նաև մեխանիզմ, որը թույլ է տալիս բռնագրավել կալանված նավերի բեռը: Ուկրաինան, իր հերթին, պնդում է, որ ռուսական «ստվերային նավատորմի» նավերը կարող են համարվել օրինական ռազմական թիրախներ: