Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են բնակելի տնակները քանդելու եկած մեքենաներին (տեսանյութ)
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված իրավիճակ է. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Այստեղ են բերվել տրակտորներ։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հենց տրակտորը սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել է գիրկը և քարերով սկսել հարձակվել տրակտորի վրա, նրան միացել է անչափահաս բնակիչներից մեկը։ Ոստիկանները հազիվ են կարողացել նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։
Բացի այդ, վատացել է անչափահաս երեխաներից մեկի ինքնազգացողությունը, շտապօգնություն են կանչել։
Դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

