Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը
Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կանցկացվեն նոր կարգով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՆԳ նախարարությունը՝ մանրամասնելով, որ գործող միասնական հարցաշարի հարցերը, առանց նոր հարցերի ավելացման, խմբավորվել են երկու հիմնական խմբերի՝ A, B, C և D, T կարգերի համար։
Նշվում է, որ փոփոխության նպատակն է տեսական քննությունը դարձնել առավել նպատակային՝ հնարավորություն տալով ստուգել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։
«Ի՞նչ է փոխվել․ նախկինում տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու հավակնող քաղաքացիները պատասխանում էին միասնական հարցաշարի հարցերին։ Նոր կարգով՝ A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ D կամ T կարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները կպատասխանեն D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին»,-պարզաբանել է նախարարությունը։
Հաղորդվում է, որ բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։
«Նոր մոտեցումը հնարավորություն կտա առավել հասցեական գնահատել դիմորդների՝ համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքները»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

