Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացրել են․ նախաքննության ավարտ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար ավտոմեքենաների վարորդների միջոցով, Փամբակ գետի ափամերձ տարածքներում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվությունների հողատարածքների և հողային նպատակային նշանակությունները փոփոխելու, իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես՝ տարածքում լցրել է խառը բաղադրության հողային լիցք ու հարթեցրել գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողային ռեսուրսների դեգրադացիա՝ հողի բերրի շերտի վնասում:

Պետությանը պատճառվել է 2 մլն 319 հզր 668 ՀՀ դրամի վնաս:

Կ.Ն.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):

Նախաքննության ընթացքում պատճառված վնասի չափով արգելանք է դրվել Կ.Ն.-ի գույքի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։