ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը դարձնել պարտադիր

Վարորդական իրավունքի ստացման գործընթացում կրթությունը պարտադիր դարձնելու, վարելու հմտությունների որակը բարձրացնելու և ճանապարհային անվտանգության մշակույթ ձևավորելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ։

ՆԳՆ-ից տեղեկացրին, որ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։ Այսպիսով, կրթությունը վարորդական իրավունք ստանալու գործընթացում կդառնա առաջին պարտադիր քայլը։

Նախատեսվում է նաև վարորդների պատրաստման գործընթացում լիցենզավորման համակարգի ներդրում։ Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգի ներդրում։

Այն նպատակ ունի ապահովելու հրահանգիչների մասնագիտական պատրաստվածությունը և նպաստելու ուսուցման որակի շարունակական բարելավմանը։ Միաժամանակ վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կվարկանշավորվեն։

Ըստ ՆԳՆ-ի՝ դա քաղաքացիներին հնարավորություն կտա վարորդական դասընթացների կազմակերպություն ընտրել տեղեկացված կերպով, իսկ ուսուցում իրականացնողներին կխթանի շարունակաբար բարելավել կրթության որակը։ Նախարարությունից ընդգծում են, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում վարորդական իրավունքի ստացման գործընթացում առանցքային նշանակություն կունենա ոչ միայն քննությունը, այլև որակյալ կրթությունը՝ անհրաժեշտ գիտելիքներ և անվտանգ վարելու հմտություններ ձևավորելու համար։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության վերջնական նպատակը ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացումն ու ճանապարհներին մարդկային կյանքերի կորուստների կանխարգելումն է։