1988թ․ ստորագրված Մովսիսյան-Մամեդով արձանագրության համաձայն Տիգրանաշենը հայկական տարածք է
Տիգրանաշենը բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր է առաջացնում, որոնց մասին ժողովուրդը պետք է ունենա հստակ պատասխաններ…
Նամանավանդ այն դեպքում, երբ այն լոկ տարածքային վեճ չէ և պետության ու երկրի համար ունի չափազանց կարևոր անվտանգային ռազմավարական նշանակություն։ Թեև հարցն ունի հանրային շատ մեծ հնչեղություն, իսկ Տիգրանակերտի հանձնումն էլ հայ ժողովրդի ու Հայաստան պետության համար գոյաբանական լուրջ խնդիր կարող է առաջացնել, սակայն անհասկանալիորեն խնդրի քննարկմանը ակնկալվող ակտիվությամբ չեն մասնակցում ոլորտի մասնագետներն ու փորձագիտական շրջանակները, և որտեղ են մեր քարտեզագետներն ու հողաշինարարները, ինչու են լռում հանրապետության նախկին նախագահներն ու պատասխանատուները։ Վերջապես ո՞վ պետք է պատասխանի այն հարցին, թե որոնք են այդ չարաբաստիկ «անկլավ» կոչվող տերմինի իրավական հիմքերը, որտեղի՞ց և ի՞նչ կերպ է գալիս այդ բնակավայրերի առաջացման պատմությունը, ո՞ր իրավական հիմքերով են հիմա հանձնվում դրանք Ադրբեջանին։ Կամ թե ինչո՞ւ և ի՞նչ պայմանավորվածությամբ է 90-ականներին Արծվաշենը տրվել Ադրբեջանին, եթե դա հայկական տարածք է եղել, և ինչո՞ւ է հիմա Ադրբեջանը ցանկանում վերադարձնել, փոխանակել այն։ Ի՞նչ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն է եղել Արծվաշենի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարների միջև, և ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի անգամ մեծ տարածքը Ադրբեջանը փորձում է խորամանկությամբ փոխանակել մի քանի անգամ փոքր տարածքների հետ, ցանկանալով անկեղծ հարևանի ու գործընկերոջ տպավորություն ստեղծել։ Կարևոր է հստակեցնել նաև, 1985-1987թթ․ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կատարված սահմանազատման, սահմանագծման և դրա արդյունքներով 1988թ․ հունվարի 12-ին երկու հանրապետությունների կառավարությունների նախագահների առաջին տեղակալներ Վլադիմիր Մովսիսյանի և Մամեդովի միջև ստորագրված` 182 բնակավայրերի սահմանագծման մասին կազմված արձանագրությունների և կից քարտեզների հիման վրա ստորագրված ամփոփ արձանագրության համաձայն այս վիճելի կոչեցյալ տարածքները ո՞ր հանրապետության` Հայաստանի՞, թե Ադրբեջանի տարածք են համարվել․ և ինչ իմաստ ունի նոր սահմանազատումն ու սահմանագծումը (1985թ․ հունվար ամսին անձամբ եմ մասնակից եղել մեր` Դովեղ և ադրբեջանական Քյամարլու գյուղերի միջև սահմանգծմանը), եթե առկա է ԽՍՀՄ վերջին տարիներին ստորագրված Մովսիսյան-Մամեդով արձանագրությունը։ Առավելևս, որ այդ արձանագրության վերաբերյալ կողմերից որևէ մեկը 30 տարուց ավելի չի ունեցել որևէ առարկություն։ Ցանկալի կլիներ, որպեսզի տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով, ըստ վիճելի բնակավայրերի` սահմանագծման մասին 1985-87թթ․ ստորագրված արձանագրություններն ու քարտեզները հրապարակվեն մամուլում։ Պարտքս եմ համարում հիշեցնել և հուշել այսօրվա պաշտոնյաներին (ո՞վ իմանա, միգուցե նրանք չգիտե՞ն), որ ստորագրված Մովսիսյան-Մամեդով ամփոփ արձանագրությունից զատ հայ-ադրբեջանական յուրաքանչյուր սահմանային գյուղերի համար առանձին-առանձին (ընդհանուր թվով 182)՝ կազմվել է արձանագրություն՝ իր կից քարտեզով, որը ստորագրել են երկու կողմերի ղեկավարների ու սահմանակից վարչական շրջանների հողաշինարարների կողմից։ Օրինակ, ես ներկա եմ գտնվել Նոյեմբերյանի շրջանի Դովեղ և Ղազախի շրջանի Քյամառլու գյուղերի արձանագրության ստորագրության արարողությանը։ Ի դեպ 2023թ․ «Միասին» շարժումը համակարգողներ Հրանտ Բագրատյանի և Արամ Գասպարի Սարգսյանի նախաձեռնությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն են կատարել Տիգրանաշենի և այլ վիճելի տարածքների հետ կապված և պնդում են, որ 1988թ․ ստորագրված Մովսիսյան-Մամեդով արձանագրության համաձայն Տիգրանաշենը միանշանակ հայկական տարածք է։ Հատկանշական է, որ հայկակական կողմը միայն քննարկում է այն տարածքների հարցը, որտեղ Հսյաստանը պետք է հանձնի, իսկ օրինակ ըստ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մամուլում արած հայտարարության` կողմերի միջև կա նաև պայմանավորվածություն, որ Բերքաբերի հատվածում, Ջողազի ջրամբարի հարևանությամբ Ադրբեջանը պետք է շուրջ 900 հեկտար տարածք զիջի Հայաստանին։ Ինչ վերաբերում է անկլավ կոչված բնակավայրերի ծագումնաբանությանն ու հիմքերին, ապա դրանք միանշանակ հայկական տարածքներ են և ադրբեջանցի աշխատանքային միգրանտների բնակեցման արդյունքում են առաջացել։ Իսկ Ալմաթիի հռչակագրին անընդհատ հղում անելը մարդկանց մոլորեցնելու նպատակ ունի, այն ամենևին էլ որևէ կապ չունի սահմանների ճշգրտման հետ, այն սահմանների մասին չէ, սիրելի հայրենակիցներ, ինչպես փորձում են ներկայացնել ձեզ, Ալմաթիի հռչակագիրն ընդամենը ստորագրման պահին հանրապետությունների` առկա սահմաններով տարածքային ամբողջականությունների փոխադարձ ընդունման մասին է, անշուշտ առանց Արցախի, որովհետև այն ժամանակ` ստորագրման պահին Արցախն արդեն ԽՍՀՄ գործող և միջազգային իրավական հիմքերով դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից և անկախացել։ Ադրբեջանի նպատակն էլ միայն աշխարհագրական տարածքներ գրավելը չէ, այլ նախևառաջ ռազմավարական բարձունքների ու կարևոր ենթակառուցվածքների վրա հսկողություն իրականացնելն է և Հայաստանի վրա ներգործությունն ու ազդեցությունը ուժեղացնելն ու ծնկի բերելն է։ Պարզից էլ պարզ է, թե այդ անկլավ կոչեցյալ տարածքների հանձնման դեպքում ինչպիսի աղետ կարող է լինել Հայաստանի համար, ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը ինչպիսի կործանարար վնաս կարող է հասցվել։ Իսկ եթե մի պահ ենթադրենք, որ այդ անկլավ կոչվող տարածքներն իրենցն են, այդ դեպքում որտե՞ղ են դիվանագիտությունն ու դիվանագետները, որպեսզի հարցը լուծեն միջազգային պրակտիկայում գոյություն ունեցող փոխանակման ճանապարհով, չհանձնելով ու սակարկման առարկա չդարձնելով այդքան կարևոր ու ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը։ Թերևս այդպիսին պետք է լինի իրական ու անկեղծ խաղաղության ձգտող հարևանի պահվածքը։ Իսկ եթե Ադրբեջանն այս քայլին գնում է այսպես կոչված խաղաղության դրոշը պարզած, առանց որևէ բարի կամքի դրսևորման ու փոխզիջման, 3000-ամյա հայկական Արցախը ցեղասպանությամբ ու շրջափակմամբ ուղեկցվող, միջազգային նորմերի կոպտագույն խախտմամբ հայաթափումից և Արցախում մարդկության դեմ գործած ծանր հանցանքից և Հայաստանի մի շարք ռազմավարական ճանապարհներ ու բարձունքներ գրավելուց հետո անգամ առանց կանգ առնելու ու չնչին անգամ առանց ապաշխարանքի, փոխզիջման ու հայ ժողովրդի նկատմամբ մեղքի զգացման նշույլ ցույց տալու, հայ ժողովրդի նկատմամբ բացահայտ ատելության քարոզ տանելով, հայ պատանդների նկատմամբ ամենաանմարդկային վերաբերմունքի դրսևորման պարագայում ոչ մի խաղաղության, անկեղծ հարևանության ու բարի կամքի մասին խոսք լինել չի կարող։ Սա նշանակում է մի նոր պատերազմի բացահայտ լկտի նախապատրաստական քայլեր` ուղղված Հայաստանի վերջնական կապիտուլյացիային ու ոչնչացմանը։ Ժողովուրդն էլ ամեն ինչ պետք է անի, որպեսզի թույլ չտա Գորիս-Կապան ճանապարհի, Կիրանցի, Սև լճի ու մնացյալ այլ տարածքային զիջումների նախադեպերի կրկնություն Տիգրանաշենում։
Հ. Գ․ կից ներկայացվում է 1988թ ստորագրված ամփոփ արձանագրության պատճենը


