Մազակալումը ախտանիշ է, ոչ թե ախտորոշում․ էնդոկրինոլոգի խորհուրդները
Էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանն անդրադառնալով կանաց շրջանում ամենացավոտ խնդիրներից մեկին՝ մազակալմանը՝ նշում է․
««Բժիշկ, ես պարզապես մազակալել եմ…»։
Սա այն նախադասություններից է, որը ես հաճախ եմ լսում ընդունելության ժամանակ։
Բայց իրականում մազակալումը ախտանիշ է, ոչ թե ախտորոշում։
Կարևոր է հասկանալ մեկ բան.
Ոչ բոլոր կանայք, ովքեր ունեն անցանկալի մազեր, ունեն հորմոնալ խանգարում։
Եվ հակառակը՝ հորմոնալ խանգարում ունեցող ոչ բոլոր կանայք են ունենում արտահայտված մազակալում։
Ինչո՞ւ։
Քանի որ նշանակություն ունի ոչ միայն արյան մեջ անդրոգենների քանակը, այլև մազարմատների զգայունությունը դրանց նկատմամբ։
Դրա համար էլ պատահում է, որ.
- անալիզները գրեթե նորմալ են, բայց մազակալումը՝ արտահայտված,
կամ
- տեստոստերոնը բարձր է, բայց մազակալումը՝ նվազագույն։
Իսկ ի՞նչ հետազոտություններ են իսկապես կարևոր
Ամեն կին, ով ունի մազակալում, պարտադիր չէ, որ հանձնի «բոլոր հնարավոր հորմոնները»։
Հետազոտությունների ընտրությունը կախված է.
- տարիքից,
- դաշտանային ցիկլից,
- քաշից,
- մազակալման առաջացման արագությունից,
- ուղեկցող ախտանիշներից։
Երբեմն բավական է մի քանի ճիշտ ընտրված հետազոտություն, իսկ երբեմն անհրաժեշտ է նաև ձվարանների կամ մակերիկամի գնահատում։
Ամենակարևոր սխալը
Շատ կանայք տարիներով պայքարում են մազերի դեմ՝ լազեր, էպիլյացիա, տարբեր քսուքներ…
Բայց եթե հորմոնալ պատճառը չի բուժվում, օրգանիզմը շարունակում է «հրամայել» նոր մազերի աճ։
Լազերը հեռացնում է մազը։
Էնդոկրինոլոգը փորձում է հասկանալ՝ ինչու է այն աճում։
Երբ բուժվում է պատճառը, նոր մազերի աճը հաճախ դանդաղում է, իսկ կոսմետիկ մեթոդների արդյունավետությունը զգալիորեն բարձրանում է»։

