Հոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետ
2026 թվականի հուլիսի 24-ին 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի ունեցավ ավանդույթի ուժ ստացած կլոր սեղան-քննարկումը՝ Մատենադարանի ղեկավար անձնակազմի և հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկմանը մասնակցում էին հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Պոլսի Հայոց պատրիարքության, Մխիթարյան միաբանության, Զմմառու պատրիարքական կղերի միաբանության ներկայացուցիչները։
Հրավիրյալների թվում էին նաև Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի Հայ համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը և Հիմնարար գիտական գրադարանի տնօրենի խորհրդական Տիգրան Զարգարյանը։
Քննարկումն ընդգրկել է հարցերի լայն շրջանակ՝ ձեռագրական հավաքածուների պահպանության համակարգի արդիականացում, թվայնացում և գիտական հետազոտություն։ Բոլոր կողմերը վերահաստատել են անվերապահ պատրաստակամությունը՝ շարունակելու արդեն իսկ իրականացվող համատեղ ծրագրերը և մշակելու առաջիկա գործողությունների ծրագիրը։
Մասնավորապես կարևորվել են Վենետիկի Մխիթարյան միաբանություն կատարած առաքելության արդյունքները, Զմմառի կղերի միաբանության նորաստեղծ ենթակառուցվածքներին ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից բերված 10-րդ դարի Ավետարանի վերականգնումը։ Մատենադարանի տնօրենությունը պաշտոնապես հրավիրվել է Անթիլիաս և Զմմառ։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են Հայագիտական միջազգային կոնգրեսի բացառիկ դերը՝ որպես առկա խնդիրների համատեղ վերլուծության և համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի։
Հանդիպման ավարտին ստորագրվել է երկամյա պայմանագիր Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև՝ Համահավաք ձեռագրացուցակի ստեղծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։

