Արդյո՞ք ուժային ռեսուրսները պետությունը ճիշտ է օգտագործում

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայողի ձերբակալությունը և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը հերթական անգամ ցավով վեր հանեց հայկական բանակում առկա ամենացավոտ խնդիրներից մեկը՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Այս ողբերգությունը, ինչպես և նախորդները, խորը մտահոգության տեղիք է տալիս և պահանջում է համակարգային խորը վերլուծություն ու անհապաղ լուծումներ։

Մինչ իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածի հանգամանքները, իսկ պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել, հասարակության շրջանում պարզ և տրամաբանական հարց է առաջանում` այն է, արդյո՞ք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում: 

Պետության ուժային կառույցների հիմնական առաքելություններից մեկը հանցագործությունների բացահայտումը չէ միայն, այլև դրանց կանխարգելումը։

Եթե այն մարդկային և տեխնիկական ռեսուրսների թեկուզ մի մասը, որն այսօր ծառայեցնում են քաղաքական գործընթացներին, ուղղվեր բանակում կարգապահության, բռնությունների կանխարգելման, ռիսկերի վաղ հայտնաբերման և զինծառայողների անվտանգության ապահովմանը, վստահաբար հնարավոր կլիներ կանխել բազմաթիվ ողբերգություններ։

Բանակում յուրաքանչյուր կորցրած զինվոր ոչ միայն մեկ ընտանիքի ողբերգությունն է, այլև պետության ձախողումը։ Ուստի յուրաքանչյուր նման դեպքից հետո անհրաժեշտ է գնահատել պետական համակարգի արդյունավետությունը։ Որովհետև եթե համակարգը մշտապես արձագանքում է միայն ողբերգությունից հետո, նշանակում է՝ կանխարգելման մեխանիզմները բավարար արդյունավետ չեն աշխատում։

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գառումը