Մեր խորքային թշնամիներից մեկի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխին կարծես սև-մութ ամպեր են կուտակվում…
Նաթանյահուհի «դանակը» հասել է Թրամփի ոսկորի՞ն, ԱՄՆ-ի նախագահի համբերությունը հատե՞լ է…
Հասկանալով, որ Իրանի վրա այս տարվա փետրվարի 28-ից սկսված ամերիկա-իսրայելական հարձակման հետևում Իսրայելի սիոնիստական վարչակարգը և, մասնավորապես, հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն են կանգնած, և որ հենց նա է խոչընդոտում խաղաղությանն ուղղված ջանքերին, թերևս հիշելով նաև 2024թ. ապրիլին Դամասկոսում Իրանի հյուպատոսության և 2025թ. ամռանն Իրանի վրա Իսրայելի կատարած հարձակումները, արաբական առաջնորդները Նաթանյահուին խոչընդոտ են համարել տարածաշրջանում խաղաղության համար:
Արաբական առաջնորդներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել են, որ այլևս չեն վստահում Իսրայելի ներկայիս ղեկավարությանը և վարչապետ Բենիամին Նաթանյահուին:
Ինչպես, «Новости Mail»-ի փոխանցմամբ, գրել է իսրայելական «Yeshiva World News» պորտալը, Թրամփի հետ զրույցներում նրանք պնդում էին, որ Նաթանյահուն խոչընդոտում է Մերձավոր Արևելքում խաղաղության և տարածաշրջանային համաձայնությունների ձեռքբերմանը: Իրազեկ աղբյուրների խոսքով՝ այդ խոսակցություններն ազդել են Թրամփի մտածողության վրա, և նա Նաթանյահուին սկսել է դիտարկել որպես «խոչընդոտ տարածաշրջանում իր ծրագրերի իրականացման ճանապարհին»:
Մերձավոր Արևելքի երկրները սպասում են Իսրայելում հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Հրապարակայնորեն նրանք խուսափում են Իսրայելի ներքին գործերին միջամտելուց, այդ թվում՝ ընտրարշավին, սակայն կուլիսներում փորձում են ազդել գործող վարչապետի նկատմամբ Թրամփի վերաբերմունքի վրա:
Հունիսին Թրամփը ձեռնպահ էր մնացել Իսրայելի ընտրությունների նախաշեմին Նաթանյահուին բացարձակ աջակցություն ցուցաբերելուց՝ հայտարարելով, որ ցանկանում է նայել նրա քաղաքական մրցակիցներին: Նա Նաթանյահուին անվանել է «պատերազմի ժամանակների ուժեղ վարչապետ», սակայն ընդգծել է, որ նրան ողջախոհության պակաս կա:
Ի պատասխան մամուլի ճեպազրույցի ժամանակ այն հարցին, թե արդյոք Թրամփը համաձա՞յն է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այն պնդմանը, որ Իսրայելի կառավարական համակարգում կան որոշակի անձինք, որոնք փորձում են շահարկել ԱՄՆ-ում հասարակական կարծիքը՝ Իրանի հետ պատերազմն անորոշ ժամանակով ձգձգելու համար, Սպիտակ տան մամուլի քարտուղար, հրեական ծագում ունեցող Քերոլայն Լևիտն առանց «Իսրայել» անվանումը նշելու, տվել է ընդհանրական պատասխան:
«Կարծում եմ, նախագահը, անկասկած, կհամաձայներ, որ, այո, օտարերկրյա պետություններն իսկապես փորձում են ազդել Ամերիկայում հասարակական կարծիքի վրա,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , ասել է Լևիտը:- Դրանում կասկած չկա։ Ես կարծում եմ, որ դա պարզապես ակնհայտ փաստ է»:
Հաղորդվում է նաև, որ Թրամփի զայրույթն է առաջացրել Թուրքիային F-35 ամերիկյան կործանիչների հնարավոր փոխանցմանը Նաթանյահուի հրապարակային քննադատությունը: «Axios» պորտալին հղում կատարած «Газета.Ру»-ի փոխանցմամբ, Նաթանյահուն կտրուկ դեմ է արտահայտվել Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների փոխանցմանը։ ԶԼՄ-ները պնդում են, որ Թրամփին զայրացրել են այդ հարցում Իսրայելի միջամտության փորձերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Անկարային «F-35» ծրագրին վերադարձնելու հարցը լուծել իր ներկայիս նախագահական ժամկետի ընթացքում, այսինքն՝ մինչև 2029թ. հունվարի 20-ը:
Իսրայելը դեմ է ծրագրին Թուրքիայի հնարավոր վերադարձին: Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Նաթանյահուն «Fox News»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահին հրապարակավ կոչ է արել Անկարային չվաճառել F-35 կործանիչներ, ինչպես նաև թուրքական հեռանկարային KAAN կործանիչի համար նախատեսված շարժիչներ:
«Վարչակարգին՝ վարակված «Մահմեդական եղբայրներով»՝ ծայրահեղական շարժմամբ, որն ատում է Ամերիկան և վանկարկում է «Մահ Ամերիկային», չեմ կարծում, որ նրանց պետք է տրվի F-35 կործանիչներ կամ շարժիչներ իրենց կործանիչների համար»,- ասել է նա:
«Թրամփին զայրացրել է այդ հարցազրույցը»,- «Axios» պորտալին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը:
Մեկ այլ աղբյուր հայտնել է Թրամփի խոսքը՝ «Բիբին իրավունք չուներ» բարձրացնել այդ հարցը։
«Axios»-ի տվյալներով՝ F-35-ների մասին հայտարարություններից հետո Նաթանյահուն ավելի քան երկու շաբաթ փորձել է հասնել Թրամփի հետ հանդիպման, սակայն Սպիտակ տունն այդպես էլ Իսրայելի վարչապետի հետ բանակցությունները չի ներառել ԱՄՆ-ի նախագահի ժամանակացույցում։
Սակայն, սա դեռ ամենը չէ, ինչը Նաթանյահուին վստահելիների նեղ շրջապատում կամ միայնության մեջ կարող է հասցնել կատաղության, թեև փորձառու քաղաքական գործիչն արտաքուստ չի կորցնում ինքնատիրապետումը, այսպիսի տեղեկություններին լռությամբ է արձագանքում ու շարունակում բարեկամություն խաղալ Թրամփի և ԱՄՆ-ի հետ:
Նաթանյահուի համար գրեթե մահվան է հավասարազոր իրեն ուղղված Թրամփի պահանջը՝ դուրս բերել Իսրայելի զորքերը Լիբանանից և Սիրիայից, եթե, իհարկե, ԱՄՆ-ի նախագահը հետևողական լինի իր պահանջի հարցում: Հիմա թերևս բոլորին է հայտնի, որ Թրամփը մեկ նալին, մեկ մեխին խփող է:
Ըստ հուլիսի 14-ին «Axios» պորտալի հրապարակած տեղեկատվության, որից որոշ մանրամասներ է փոխանցել Life.ru-ն , ԱՄՆ-ում և Իսրայելում զրուցակիցները խոսել են առաջնորդների հեռախոսազրույցի բովանդակության մասին: ԱՄՆ-ի նախագահն ուղիղ եթերում ներկայացրել է իր դիրքորոշումը:
«Նրանք չեն ուզում ձեզ այնտեղ տեսնել։ Դուք պետք է վերատեղակայվեք»,- Թրամփի խոսքերն է փոխանցել աղբյուրը։
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հավելել է Նաթանյահուի հետ Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները։ Ըստ այդմ, Թրամփն իսրայելցի գործընկերոջը նախազգուշացրել է այն ռիսկերի մասին, որ Իսրայելի զինվորականների ներկայությունը Սիրիայում լարվածություն է ստեղծում և սպառնում է հակամարտության նոր սրմամբ։ Նույնաբնույթ պահանջ է ներկայացվել նաև Լիբանանի առնչությամբ: Վերոնշյալ պահանջների մասին հայտնել է նաև իսրայելական 12-րդ հեռուստաալիքի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկյան և իսրայելական պաշտոնական աղբյուրներին:
Ըստ որոշ տեղեկությունների, հեռախոսազրույցի ընթացքում Նաթանյահուն իր անհամաձայնությունն է հայտնել Թրամփին: Փաստն այն է, որ այս պահին իսրայելական զորքերը ոչ Լիբանանից են դուրս բերված, ոչ էլ Սիրիայից:
Ավելի վաղ Թեհրանը նույնպես նախազգուշացրել էր Իսրայելին։ Իրանի իշխանությունները պահանջել են չմասնակցել իրենց տարածքում ամերիկյան հարվածներին։ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլգադրը կոշտ դիրքորոշում է հայտնել։ Նա հայտարարել է, որ իրանական ենթակառուցվածքներին հասցված հարվածը կհանգեցնի Թեհրանի հայելային պատասխանին:
Արթուր Հովհաննիսյան

