Լրատվամիջոցները Փաշինյանի թիրախում
Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացած Հայաստանում լիբերալիզացման առաջնային արդյունքը եղավ խոսքի ազատությունն ու բազմազանությունը։ Շատ արագ ստեղծվեցին այդ ժամանակահատվածին բնորոշ տարբեր տպագիր լրատվամիջոցներ, որոնց հիմնական մասը չէր գտնվում որևէ ուժի կամ գաղափարի ազդեցության ներքո, և ցանկացած նոր գաղափար իր տեղը գտնում էր ազդեցությունից զերծ որևէ պարբերականի էջերում։
Հետագայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում լրատվական դաշտը անհամեմատ ընդլայնվեց և ստեղծվեց մրցակցություն ԶԼՄ-ների միջև, որտեղ գոյությունը պահպանելու և լիարժեք գործունեություն ծավալելու համար լրատվամիջոցին անհրաժեշտ էր աջակցություն՝ հիմնականում ֆինանսական։ Այստեղ է, որ ԶԼՄ-ները դարձան կախյալ պետությունից, այս կամ այն կուսակցությունից և որոշ անհատներից։ Սրան զուգահեռ տարբեր երկրներ, հատկապես եվրոպական և արևմտյան, իրենց շահերի տեսանկյունից և ժողովրդավարության զարգացման քողի ներքո ՀԿ-ների հետ զուգահեռ սկսեցին ստեղծել և ֆինանսավորել մի շարք լրատվամիջոցներ։ Բոլոր դեպքերում պետք է խոստովանել, որ մինչև 2018-ի իշխանափոխությունը, անկախ իրենց վրա եղած ազդեցությունից, լրատվամիջոցները ցուցաբերում էին անաչառություն և երբեմն ավելի շատ լուսաբանում էին ընդդիմության ներկայացուցիչներին և ընդդիմադիր գաղափարներ (թերևս Արևմուտքին հաճոյանալու և ժողովրդավարական իմիջ ձևավորելու համար)։
Ի՞նչ փոխվեց 2018թ․-ից հետո։
Առերևույթ կարծեք թե ոչինչ, բայց իրականում ինչպես հասարակությունն ու քաղաքական ուժերը, մամուլը նույնպես տրոհվեց սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, կոռումպացվածների ու մաքուրների, և այս ամենը գնալով ավելի է խորանում։ Ներկայումս շատ դժվար է տարբերակել իշխանական հակակշռի տակ գտնվող և դրանից դուրս աշխատող ԶԼՄ-ներին։ Այս ամենի պատճառը շատ պարզ է․ իշխանությունների ձախողումները, նրանց կողմից իշխանությունն ուզուրպացնելու գործողություններն ու ակնհայտ բռնատիրական ռեժիմ ձևավորելու միտվածությունը, որը դրսևորվում է պետության քաղաքական և տնտեսական ամբողջական սպեկտրում, տագնապ է առաջացրել ԶԼՄ-ների շարքերում, որ այդ ալիքը հասնելու է նաև իրենց, և մեծամասնությունը սկսել է հարմարվել նրան, ինչին, ցավոք սրտի, հարմարվել են նաև զուտ քաղաքական ու տնտեսական սուբյեկտները։ Ընդդիմադիր դաշտում նույնպես չկա հստակություն, և երբեմն իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժն ավելի շատ փորձում է թիրախ դարձնել մեկ այլ ընդդիմադիր ուժի, քան իշխանությանը, իսկ նրանց դաշտում աշխատող «ընդդիմադիր» լրատվամիջոցները կրկնօրինակում են իրենց «տերերին»։
Ես չեմ խոսում արտաքին ուժերի ազդեցության տակ աշխատող լրատվամիջոցների մասին զուտ այն պատճառով, որ Հայաստանում ձևավորված իշխանությունը ամբողջովին գտնվում է արտաքին ուժերի նախասիրությունների հորձանուտում, և նրանցից սպասել անաչառ լուսաբանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ անիմաստ է։
Ի՞նչ անել։
Անհրաժեշտ է նախաձեռնել ու ձևավորել մի մթնոլորտ, որում «ընդդիմադիր» ԶԼՄ-ները զերծ մնան իրենց «տերերին» մեխանիկորեն նմանակելու գործելաոճից և հասկանան, որ իրենց «թիրախը» գործող իշխանության իրական պատկերի բացահայտումն է, ոչ թե միմյանց քարկոծելը, ինչպես դա անթերի անում են իշխանական հակակշռի տակ գտնվող լրատվամիջոցները։
Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք։
Լ․Ն․

