Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։
Այսպես.
ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն՝ 2026 թ. համար կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ, որը միջնաժամկետ հատվածում պետք է աստիճանաբար արագանա և 2029-ին հասնի 6.1%-ի։ Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների կանխատեսումները միջնաժամկետ հատվածի տնտեսական աճի վերաբերյալ շարունակում են մնալ զգալի չափով պահպանողական։ Սա վկայում է, որ ՄԺԾԾ-ի առավել մտահոգիչ դրույթներից մեկը տնտեսական աճի կանխատեսումների լավատեսական բնույթն է։ Ընդ որում, լավատեսության շուրջ փաստաթղթում ներկայացված հիմնավորումներն առավելապես կապված են այնպիսի գործոնների հետ, որոնց ազդեցությունը կա՛մ արդեն թուլանում է, կա՛մ դրանց իրականացման ժամկետները վերջին տարիներին պարբերաբար հետաձգվում են։
Ավելին, ՄԺԾ ծրագրում միաժամանակ նշված է, որ ՀՀ տնտեսական աճի կանխատեսումներն իրենց մեջ կրում են մեծ անորոշություններ՝ պարունակելով դեպի ներքև (բացասաբար ազդող) և դեպի վեր (դրական զարգացումներ ենթադրող) երկկողմանի ռիսկեր։ Եվ ուշագրավ է, որ դեպի ներքև ռիսկերը գերակշռում են։ Այսինքն, ըստ էության, հենց ՄԺԾԾ-ի հեղինակներն են ընդունում, որ զգալի անորոշությունների շրջանակում ձևավորված ծրագրի հիմնական մակրոտնտեսական սցենարի տնտեսական զարգացումների հավանական շեղումներն առավելապես բացասական ուղղությամբ են։
2027-2029 թթ. ՄԺԾԾ-ով պետական բյուջեի ընդհանուր եկամուտների և հարկային եկամուտների անվանական մեծությունների կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ։ Մինչդեռ, աճը չի ուղեկցվում ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության համարժեք ավելացմամբ։
Ծրագրով կանխատեսվում է, որ 2029-ին բյուջեի ընդհանուր ծախսերը կկազմեն 4,461 մլրդ դրամ՝ 2025-ի ցուցանիշից 35.0%-ով ավելի, իսկ կառավարության պարտքը, 2025-ի 5,355 մլրդ դրամից աճելով 43.6%-ով, 2029-ին կհասնի 7,689 մլրդ դրամի։ Պետական բյուջեի ընդհանուր ծախսերի և կառավարության պարտքի շարունակական աճի դիմաց 2029 թվականին 2026-ի համեմատ կանխատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության նվազում՝ պայմանավորված ՀՆԱ-ի առաջանցիկ աճով։
Ըստ Ծրագրի՝ միջնաժամկետ հատվածում կառավարության պարտքի բեռն անհամեմատ ծանրանալու է։ Պարտքի սպասարկման տոկոսավճարները 2025-ի փաստացի մեծության համեմատ 2029-ին կազմելու են 42.4%-ով ավելի՝ 349 մլրդ դրամից հասնելով 493 մլրդ դրամի։
Հատկանշական է, որ ծրագրում շարունակում են կրկնվել մի շարք կանխատեսումներ, որոնց իրականացումը նախորդ տարիներին բազմիցս հետաձգվել է։ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին դրույթը դրա ամենաբնորոշ օրինակներից է։ Նախորդ ՄԺԾԾ-ներում էլ էր նշված, որ հանքավայրը կշահագործվի արդեն ծրագրի կազմման տարում և դրական նպաստում կունենա այդ տարվա տնտեսական աճին։ Հաշվի առնելով վերջին տարիներին նման կանխատեսումների պարբերաբար հետաձգվելու հանգամանքը՝ ավելի է հիմնավորվում Ծրագրի իրականացման նկատմամբ թերահավատությունը։
Ուշագրավ է, որ Ծրագրով ընթացիկ տարվա բյուջեի ծախսերի սպասվող մեծությունը նույնիսկ մի փոքր ավելին է, քան տարեկան հաստատված բյուջեով պլանավորված մեծությունը։ Մինչդեռ հայտնի է, որ գործող կառավարության գործունեության տարիներին ձևավորվել է տխուր ավանդույթ՝ բյուջեի ծախսերը մշտապես թերակատարվում են։ Վերջին հասանելի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2026-ի 1-ին եռամսյակում բյուջեի ծախսերը թերակատարվել են 29.6%-ով։
Այս պարագայում, ակնկալել, որ տարեվերջին բյուջեի փաստացի ծախսերը նույնիսկ գերազանցելու են բյուջեով պլանավորված մեծությունը, անհիմն լավատեսություն է։ Իսկ եթե նույնիսկ ընթացիկ տարվա սպասվող մեծությունն է անիրատեսական, ինչպե՞ս կարող են վստահություն ներշնչել դրա հիման վրա առաջիկա երեք տարվա համար կատարված կանխատեսումները։ Այս առումով ևս դրանց հիման վրա կառուցված միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://l1nq.com/p57u7oz

