Նիկոլը՝ Ռուսաստանի դեմ գործելու և ԱՄՆ-ին քծնելու առումով, ինչպես ասում են, պապից ավելի կաթոլի՞կ…
Ուրիշ ի՞նչ մտածել, եթե խոսքը տարբեր մարդկանց մասին է
«Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ-ին հանձնելու նպատակով հունիսի վերջին ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու: Այսօր հավանաբար քչերը կմտածեն, որ ձերբակալելուց առաջ Նիկոլ հայադավը տեղյակ չի պահվել կատարվելիք գործողության մասին, այսինքն՝ ձերբակալությունը կատարվել է առանց նրա գիտության ու համաձայնության:
Ավելին. բացառված չէ նույնիսկ, որ ձերբակալությունը կատարվել է նրա հանձնարարությամբ կամ ցուցումով:
Ռուսաստանցուն շփոթե՞լ են ԱՄՆ-ի կողմից որոնվող համակարգչահենի (հաքերի) հետ, թե… Շփոթելու տարբերակին դժվար է հավատալ, նույնիսկ դպրոցականը չէր շփոթի, քանի որ խոսքը տարբեր մարդկանց մասին է՝ տարբեր հայրանուններով: ԱՄՆ-ի դիմումով Ինտերպոլի կողմից հետախուզվողն Ալեքսանդր Գենադևիչ Երմակովն է, մինչդեռ ձերբակալել են Ալեքսանդր Յուրևիչ Երմակովին:
Որքան էլ Նիկոլը դեգրադացրել է պետական կառավարման համակարգը, և տարբեր նախարարություններում, գերատեսչություններում, մարմիններում հայտնվել են պատահական մարդիկ, այնուամենայնիվ, նույնիսկ «Անո տոտա»-ի մակարդակի շուկայի վաճառողուհին կամ փողոցի ցանկացած հավաքարար երկու միանգամայն տարբեր հայրանուններ ունեցող անձանց չէր կարող շփոթել միմյանց հետ:
Եթե ոստիկանությունում նույնիսկ շփոթած լինեին, ապա Երմակովին ազատությունից զրկելուց հետո արդեն շուրջ երկու շաբաթ, այսինքն՝ լիովին բավարար ժամանակ է անցել շփոթմունքը վերացնելու, սխալն ուղղելու և Երմակովին ազատ արձակելու համար, մինչդեռ, ինչպես գրել է «Baza» տելեգրամյան ալիքը, նա դեռ գտնվում է քննչական մեկուսարանում (ՔԿՀ-ում):
Ինչպես հայտնել է «Baza» Telegram ալիքը , Հայաստանում ձերբակալել են ռուս զբոսաշրջիկ Ալեքսանդր Երմակովին և պատրաստվում են ԱՄՆ արտահանձնման՝ կիբերհարձակումների գործով, մինչդեռ տղամարդու հարազատները պնդում են, որ նրան շփոթել են նույն անուն-ազգանունով, բայց այլ հայրանունով հետախուզվող անձի հետ:
Օմսկի բնակչին ձերբակալել են Երևանի օդանավակայանում՝ կնոջ հետ հանգստանալուց հետո։ Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հիմք է հանդիսացել ամերիկյան ուժայինների և Ինտերպոլի կողմնորոշումը։ Տղամարդն արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է քննչական մեկուսարանում։
Ինչպես գրել է «Baza»-ն, միջազգային հետախուզման մեջ է գտնվում Ալեքսանդր Գենադևիչ Երմակովը, ում համարում են կիբերհարձակումների շարքի մասնակից: Մասնավորապես, Ավստրալիայի իշխանությունները դա կապում են «Medibank Private» բժշկական ապահովագրական ընկերության կայքը կոտրելու հետ, որից հետո հրապարակվել են 9,7 միլիոն մարդու անձնական տվյալներ: 2024 թվականին Երմակովի դեմ պատժամիջոցներ են սահմանել Ավստրալիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։
Մինչդեռ, ինչպես նշել են կալանավորվածի հարազատները, նա այլ հայրանուն ունի՝ Յուրևիչ։ Նրանց խոսքով՝ Յուրևիչը կապված չէ ՏՏ ոլորտի հետ, անգլերեն չգիտի, իրավաբանական կրթություն է ստացել և երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայությունում։
Ռուսաստանցու ընտանիքը ձգտում է հասնել նրա ազատ արձակմանը։ Հարազատները պնդում են, որ հայ իրավապահներին հայտնի է հնարավոր սխալի մասին, սակայն տղամարդը շարունակում է գտնվել կալանքի տակ: Նրա շահերը ներկայացնող փաստաբանները դեռևս չեն մեկնաբանել գործը։ Մոսկվայի МУР բյուրոյի փաստաբաններ Միխայիլ Մուշաիլովն ու Ռաջավի Դիլանը, որոնք իրականացնում են Ալեքսանդր Երմակովի պաշտպանությունը, գործի վերաբերյալ առայժմ մեկնաբանություններ չեն տալիս, սակայն Միխայիլ Մուշաիլովը, РБК-ի տեղեկացմամբ, հայտնել է, որ Երմակովն այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Մենք փորձում ենք հայկական կողմին ապացուցել, որ սխալ մարդու են ձերբակալել և փորձում ենք նրան տանել»,- ասել է փաստաբանը:
«Baza»-ի տեղեկացմամբ, թեև նույնիսկ հայրանունները տարբեր են (կիբերհանցագործի որոնման բոլոր բազաներում գենադիևիչ հայրանունն է, իսկ ձերբակալվածի հոր անունը Յուրի է), սակայն հայկական հատուկ ծառայությունները հրաման են ստացել ամերիկացիներից՝ «ուղարկեք մեկուսարան»։
Ալեքսանդր Յուրևիչ Երմակովի ձերբակալումը և կալանավորումը կարելի է արդարացված համարել այն դեպքում, եթե նա իրականում հենց Ալեքսանդր Գենադևիչ Երմակովն է, որը Հայաստան է մուտք գործել կեղծված անձնագրով, որպես Ալեքսանդր Յուրևիչ Երմակով, սակայն Հայաստանի իրավապահների կողմից այդ մասին որևէ հաղորդագրություն չկա: Բացի այդ, եթե Ալեքսանդր Յուրևիչ Երմակովը կեղծված անձնագրով Ալեքսանդր Գենադևիչ Երմակովն է, նրա ընտանիքը չէր համարձակվի բարձրաձայնել կատարվածի մասին ու ձգտել է հասնել նրա ազատ արձակմանը, քանի որ անձնագրի կեղծված լինելն ապացուցվող բան է:
Ի վերջո, դժվար է պատկերացնել, որ որևէ ռուսաստանցի կհամարձակվեր կեղծված անձնագրով մուտք գործել Ինտերպոլի անդամ և ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող Հայաստան հանգստանալու նպատակով, այն էլ՝ կնոջ հետ, ընդ որում, իմանալով, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:
Ուշագրավ է, որ չնայած Ալեքսանդր Գենադևիչ Երմակովի նկատմամբ Ինտերպոլի կողմից հայտարարված միջազգային հետախուզմանը, Ալեքսանդր Յուրևիչ Երմակովին ձերբակալել են ոչ թե Հայաստան մուտք գործելիս, այլ վերադառնալիս: Սրան նույնպես դեռ բացատրություն չկա: Հուսանք, որ Հայաստանի ոստիկանությունը, քննչական կոմիտեն կամ «ԱԱԾ» կոչվածն առաջիկայում հանդես կգան համապատասխան պարզաբանումներով:
Արթուր Հովհաննիսյան

