Այսօր ամենամեծ վտանգը ԱՄՆ-ի հնարավոր հարվածն է Բուշերի ԱԷԿ-ին (տեսանյութ)

Հուսանք, որ մինչ այդ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը հանդես կգան խիստ հայտարարություններով

 

Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը: Այսինքն՝ ՀՕՊ այն համակարգերը, որոնք առաջնահերթորեն կոչված են պաշտպանել Բուշերի ատոմակայանն օդային հարվածներից:

«Հակաօդային պաշտպանության միջոցներն ակտիվացվել են «Բուշեր» ատոմակայանի շուրջ»,- նշված է «Reuters»-ի հրապարակման մեջ, որն, իր հերթին, որպես տեղեկատվության աղբյուր, վկայակոչել է իրանական «Mehr» լրատվական գործակալությանը:

Նախօրեին երեկոյան ԱՄՆ-ը սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանին: Ավելի վաղ հարձակման մասին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ իրանական «Բուշեր» ատոմակայանին հասցված հարվածները կարող են աղետալի հետևանքներ ունենալ Պարսից ծոցի երկրների համար:

«Միջուկային օբյեկտի վրա ցանկացած հարձակում հանցագործություն է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում,- գրել է Ուլյանովը X սոցցանցում։- «Բուշեր» ԱԷԿ-ի հարվածները կարող են աղետալի հետևանքներ ունենալ Պարսից ծոցի պետությունների համար։ Դրանք անհրաժեշտ է կանգնեցնել»:

Ուլյանովը միանգամայն իրավացի է, բայց ինչպե՞ս… Խնդիրը սա է: Թրամփը, որի ձեռքերն ամբողջովին թաթախված են արյան մեջ, որի խղճին բազմաթիվ հանցագործություններ կան, կարող է գնալ նաև այս հանցագործության կատարմանը:

ԱՄՆ-ի նախագահը, «RT на русском»-ի փոխանցմամբ, «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն այս շաբաթվա ընթացքում կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին: Նրա խոսքով՝ եթե Թեհրանը չհամաձայնի բանակցություններին, հաջորդ շաբաթ թիրախ կդառնան Իսլամական Հանրապետության էլեկտրակայաններն ու կամուրջները:

«Մենք շարքից կհանենք նրանց բոլոր էլեկտրակայանները, կոչնչացնենք նրանց բոլոր կամուրջները, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:

Անցյալ շաբաթ «Axios» պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները թևավոր հրթիռներով հարվածել են Իրանի հյուսիս-արևելքում գտնվող երկու երկաթուղային կամուրջների: Ինչպես այսօր հայտնել է «Московский комсомолец» -ը, ԱՄՆ-ի նախագահը քննարկել է առաջիկայում Իրանի ռազմավարական օբյեկտներին հարվածելու հարցերը:

Իրանում պնդում են, որ ԱՄՆ-ը ռազմական միջոցներով չի ստիպի երկրին բանակցությունների համար դիմել Միացյալ Նահանգներին։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի կարծիքով, ԱՄՆ-ը սխալ է թույլ տալիս՝ հույս ունենալով, որ ռազմական գործողությունները կարող են ստիպել Իրանին հանդես գալ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ:

«Մենք բանակցություններ չենք խնդրի։ ԱՄՆ-ը սխալվում է, եթե կարծում է, որ մեր երկրի դեմ ռազմական միջոցներ ու տնտեսական սահմանափակումներ կիրառելով, մեզանից նման քայլի կհասնի»,- «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, ընդգծել է դիվանագետն իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի բազաներին:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանն այլևս պարտավորված չի համարում կատարել հրադադարի համաձայնագրի մի մասը, քանի որ ԱՄՆ-ն ոչ թե պարզապես խախտել, այլ ամբողջությամբ տապալել է այն: Այս մասին հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ-ը խախտել է իր բոլոր պարտավորությունները և վերսկսել ռազմական և ագրեսիվ գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ… Նման պայմաններում Իրանը որևէ պարտավորություն չի զգում, քանի որ… այլևս չկա որևէ հուշագիր, որի մասին կարելի է խոսել»,- «Новости Mail»-ի փոխանցմամբ , հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին

Թեհրանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականները կրկին շրջափակել են իրանական նավահանգիստները:

Ղարիբաբադին նաև հայտարարել է, որ պատերազմի ժամանակ Իրանն ազգային անվտանգության նկատառումներով մտադիր է Հորմուզի նեղուցը լիակատար վերահսկողության տակ վերցնել՝ ներառյալ Օմանի կեսը, «ինչ էլ որ դա արժենա»:

Թրամփը երեկ սպառնացել է հարված հասցնել Իրանի նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին և գրավել Հարք կղզին: Նա նաև հնարավոր է համարել, որ ամերիկացի զինվորականները կարող են շարքից հանել Իրանում էլեկտրակայաններն ու ջրի աղազերծման գործարանները:

Ընդգծենք, որ ԱՄՆ-ի նախագահն այսպիսով հաստատել է, որ ինքը և իր ղեկավարած պետությունն միջազգային ահաբեկիչներից ոչնչով չեն տարբերվում և արժանի են ճիշտ նույն վերաբերմունքին, ինչ նրանք:

Այժմ, NDTV-ի տվյալներով, Արաբական ծովում գտնվում է առնվազն 19 ամերիկյան ռազմանավ, այդ թվում՝ երկու ավիակիր, ինչպես նաև երկկենցաղ դեսանտային նավ՝ ավելի քան 1000 ծովային հետևակայիններով։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նաև հայտնել է, որ ամբողջ Մերձավոր Արևելքում գործում են հարյուրավոր ամերիկյան ռազմական ինքնաթիռներ:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ