Ուհանում զանգվածային թեստավորում կանցկացվի՝ պայմանավորված կորոնավիրուսի նոր դեպքերի բացահայտմամբ
Կորոնավիրուսային համավարակի բռնկման օջախ համարվող չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի օպերատիվ շտաբը ցուցում է տվել 10 օրվա ընթացքում քաղաքի ամբողջ բնակչության շրջանում կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ անցկացնել․ որոշումը կայացվել է քաղաքում վարակման նոր դեպքերի բացահայտումից հետո, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ Ուհանում ապրիլի 4-ից հետո առաջին անգամ մայիսի 9-ին կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել, ինչպես նաև հայտնաբերվել է ախտանշան չունեցող 16 վարակակիր, որից հինգը հետագայում ախտանշանների ի հայտ գալուն պես վերաորակավորվել է որպես հաստատված դեպք։
«Ուհանն ապրիլի 18-ին ճանաչվել էր որպես կորոնավիրուսային սպառնալիքի ցածր մակարդակով քաղաք, իսկ ապրիլի 26-ին քաղաքային հիվանդանոցից դուրս էր գրվել վերջին հիվանդը։
Սակայն իրավիճակով պայմանավորված՝ քաղաքի կորոնավիրուսի տարածման դեմ օպերատիվ շտաբը արտակարգ ժողով է անցկացրել՝ քննարկելով հետագա անելիքները։
Որոշում է կայացվել Ուհանի բոլոր բնակիչների շրջանում կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ անցկացնել»,- ասվում է շտաբի հայտարարությունում։
Թեստավորումը ծրագրվում է իրականացնել 10 օրվա ընթացքում։
Չինաստանի իշխանությունները տրանսպորտային սահմանափակումներն ամբողջովին վերացրել էին ապրիլի 8-ին և մարդկանց թույլատրել էին դուրս գալ քաղաքի սահմաններից։ Մոտ 11 միլիոն բնակչություն ունեցող այս քաղաքում համաճարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է մոտ 50 339 մարդ, որից 3869-ը մահացել է։

