Ինչպես կանխել ջրազրկումը շոգ եղանակին

Շոգ եղանակին օրգանիզմը մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար քրտնարտադրության միջոցով ավելի շատ հեղուկ է կորցնում: Եթե այդ կորցված հեղուկը ժամանակին չի լրացվում, կարող է զարգանալ ջրազրկում: Այս ռիսկն առավել բարձր է երեխաների, տարեցների, հղիների, ինչպես նաև քրոնիկհիվանդություններ ունեցող անձանց շրջանում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից խորհուրդներ են տալիս՝ ինչպե՞ս կանխել ջրազրկումը

  • Խմեք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում։
  • Նախընտրեք ջրով հարուստ մթերքներ, օրինակ՝ ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ և այլ թարմ մրգեր ու բանջարեղեն։
  • Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն։
  • Կրեք թեթև, բաց գույնի հագուստ և գլխարկ, իսկ դրսում գտնվելիս հնարավորության դեպքում մնացեք ստվերում։
  • Սահմանափակեք ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը օրվա ամենաշոգ ժամերին։
  • Սահմանափակեք ալկոհոլային և շաքարով հարուստ ըմպելիքների օգտագործումը, քանի որ դրանք կարող են նպաստել հեղուկի կորստին։

Ինչպե՞ս ճանաչել ջրազրկումը

  • Ուժեղ ծարավ
  • Բերանի չորություն
  • Գլխացավ կամ գլխապտույտ
  • Թուլություն
  • Մուգ գույնի և քիչ քանակությամբ մեզ

Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը և կանխել առողջական խնդիրները։