Պաշտպանի միջնորդությունը բավարարվեց․ Սերժ Սարգսյանը դատական նիստերին չի ներկայանա
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստերն անցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության։
«Սերժ Սարգսյանը գտնվում է ազատության մեջ, ունի ընտրված պաշտպաններ, չի առարկում, որպեսզի սույն քրեական գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ, իր իրավունքներն ամբողջ ծավալով կիրականացնեն իր պաշտպանները։
Պաշտպանի խոսքով, սույն միջնորդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը սույն գործով ամբողջությամբ ձևավորված է, Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնելու են նրա պաշտպանները, նրա անձնական ներկայությունը յուրաքանչյուր նիստում անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, բազմակողմանի քննության համար։
«Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հրաժարվում իր դատավարական իրավունքներից, չի խոչընդոտում գործի քննությանը, անհրաժեշտության դեպքում կներկայանա դատարան, եթե դատարանը նրա մասնակցությունը համարի պարտադիր»,- ասաց Ա. Մակինյանը։
Նա խնդրեց դատարանին՝ դատական նիստերն անցկացնել Սերժ Սարգսյանի բացակայությամբ։
Դատարանը բավարարեց միջնորդությունը, թույլ տվեց, որ Սերժ Սարգսյանը գործի քննության ընթացքում, այսինքն գործով գրավոր ապացույցների հետազոտման ընթացքում, չներկայանա դատական նիստերին, անհրաժեշտության դեպքում համապատասխան ծանուցմամբ կհրավիրվի դատարան։

