Ջուր ֆեսթ դարձած Վարդավառի համար շուրջ 200 միլիոն դրամ է ծախսվել. ո՞ր ընկերությունն է միջոցառումը կազմակերպել․ «Փաստինֆո»

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը տոնելու համար Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից տրամադրել է 199 միլիոն 901 հազար 777 դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

2 պայմանագիր է կնքվել, որոնցից մեկով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակում կազմակերպվել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին նվիրված ծիսական միջոցառում (առնվազն 1 ժամ տևողությամբ)։ Ծառայությունը մատուցել է «Ա/Ձ ԴԻԱՆԱ ԱՐԵԳԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ»-ը։

Մյուս պայմանագիրը կնքվել է «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ, որն, ի դեպ, այսօրվա իշխանությունների հետ կնքել է միլիոնավոր դրամների պայմանագրեր։ Այս ընկերությունը նաև Փաշինյանի «հեղինակած»՝ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման կազմակերպիչն է։ Գումարի մեծ մասը հենց այս ընկերությանն է տրամադրվել։

Կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ Հանրապետության հրապարակում ժամը 12։00-20։00-ն իրականացվել են միջոցառումներ։ Միջոցառումը կազմակերպվել է «ջուր, երաժշտություն և ուրախություն» գաղափարի շուրջ, իսկ ժողովրդի շրջանում հայտնի ու հոգեհարազատ Վարդավառը դարձել է «ջուր ֆեսթ»։ Եղել են ինչպես սննդի ու հանգստի գոտիներ, այնպես էլ՝ մանկական, ջրային ակտիվությունների գոտիներ։ Այդ օրը ելույթ են ունեցել նաև հայտնի աստղերը, ինչպիսիք են՝ Արամ MP3-ը, Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև DJ-ներ։

Եկեղեցական տոնի շրջանակներում եղել են նաև այնպիսի ծրագրեր, որոնք ընդհանրապես կապ չունեն տոնի հետ։ Օրինակ՝ միջոցառման շրջանակներում աչքի է ընկել Պոսեյդոնը՝ ծովերի աստվածը, որը որևէ ընդհանրություն չունի տոնի հետ։ Երեխաների համար կազմակերպվել է նաև փրփուր փարթի։