Հայաստանի վտանգված կենդանիները տեղափոխվել են հնդիկ միլիարդատիրոջ վանդակներ. հետաքննություն

Երևանի կենդանաբանական այգու բակային մուտքի մոտ 2023 թվականի ամռանը բեռնատար մեքենաներ կանգնեցին։ Ո՛չ հայտարարություն, ո՛չ մամուլի ասուլիս, ո՛չ բնապահպանական ձևականություններ, պարզապես՝ բեռնաթափում։ 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ, Հայաստանի Կարմիր գրքի էջերից դուրս եկած, ճանապարհ ընկան դեպի Ջամնագար, Հնդկաստան, որտեղ հնդիկ միլիարդատիրոջ որդու «բնասիրությունը» մարմնացված է 3000 ակր ցանկապատի ներսում, ճոխ շոուների ու Բոլիվուդյան շքեղության շղարշի տակ։ 

Ամբանի կրտսերը՝ կենդանիների շրջապատում, «փրկիչի» դեր էր կատարում։ Բայց թե ով էր հայտնվել այդ տեսարանում, ինչ գնով ու ինչ ճանապարհ անցնելով․․․ սա մի պատմություն է, որը սկսվում է Երևանից, անցնում Ամբանիի կայսրության ստվերի միջով ու հասնում առևտրային ցանցի մի հանգույցի, որտեղ հազվագյուտ կենդանիները ոչ թե փրկվում, այլ ուղղակի ապրանքաշրջանառության մեջ են դրվում։  

Նման տվյալներ է հրապարակել EVN Report-ը՝ անցկացրած հետաքննության ընթացքում։

Բեռնաթափում

Հայաստանից վայրի կենդանիների արտահանման և միջազգային առևտրի պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս ուշադրությունս գրավեց մի անսովոր դրվագ։ 2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center)։ Սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում էր, որն իրականացվեց առանց հանրային պատշաճ իրազեկման։ Սակայն, եթե արջերի և անգղերի դեպքում տեղափոխումը կայացել է, ապա այլ տեսակների համար ճանապարհն ավարտվել է հենց այգու տարածքում։ 

Արտահանման ցանկն այսքանով չէր սահմանափակվում. Երևանի կենդանաբանական այգին ստացել էր նաև երեք թուրքմենական կուլան և չորս պրժևալսկու ձի արտահանելու թույլտվություն, սակայն այս կենդանիներն այդպես էլ չհատեցին սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկեցին հենց տեղափոխման նախապատրաստական փուլում։ Իմ ձեռքի տակ հայտնված անկման ակտերում որպես պատճառ նշված են «տեխնիկական խնդիրները»։ Թե ինչ ճակատագրի արժանացան արտահանման թույլտվության մեջ ներառված մյուս երկու կուլաններն ու մեկ ձին, պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում չկա։ 

Պարզվեց, որ կենդանաբանական այգու ղեկավարությունը և Երևանի քաղաքապետարանն անհայտ հանգամանքներում որոշում են կայացրել նշված կենդանիներին նվիրաբերել հնդկական կենտրոնին, որի մասին 2023-ին դեռ շատ քիչ բան էր հայտնի։ 

Երևանի կենդանաբանական այգուց 14 արջ ու 12 անգղ հայտնվեցին Ջամնագարում, մի քանի Պրժևալսկու ձի ու կուլան՝ անկման ակտերում։ Տասնյակ հազվագյուտ կենդանիներ՝ ՍԻԹԵՍ արտոնագրերով, հայաստանյան առևտրային ցանցի միջոցով, հայտնվեցին մասնավոր ցանկապատի հետևում։ Փաստաթղթերն ամեն տեղ կան. նվիրատվության պայմանագրեր, անկման ակտեր, արտահանման լիցենզիաներ։

Ամեն ինչ ձևակերպված է, ամեն ինչ ստորագրված է։

ԵԱԶԱ-ն ուսումնասիրում է։ ՎԱԶԱ-ն սկզբունքներ ունի։ Քաղաքապետարանը բացատրություններ է տվել։ Ինտերպոլի կողմից հետախուզվողի հետ կապված ընկերությունը շարունակում է գործել։ «Վանտարա»-ն շարունակում է ընդունել։

Սա դառնում է համակարգային կուրության ամենախոսուն վկայությունը։ Այնտեղ, որտեղ քաղաքային իշխանությունները տեսնում են բյուջեի բեռնաթափում ու «անհայտ ծագման» կենդանիներից ազատում, իրականում տեսնում ենք համակարգային ձախողում։ 


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։