Արցախի կորուստը չի կարող դառնալ ազգային համաձայնության հիմք․ Մետաքսե Հակոբյան

Հայաստանում արդեն ութ տարի իշխանությունը բռնազավթած վարչախումբը հետևողականորեն քանդում է հայկական պետականության բոլոր հենասյուները։ Ոչնչացվել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, խաթարվել են պետական ինստիտուտները, արժեզրկվել են օրենքն ու արդարադատությունը։

Ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ երրորդ անգամ վերարտադրված այս իշխանությունն այսօր վախով է կառավարում երկիրը։ Վենդետան դարձել է պետական քաղաքականություն, իսկ քաղաքական հետապնդումները՝ իշխանությունը պահպանելու հիմնական գործիքը։

Պատրաստվում է Սահմանադրության հերթական փոփոխությունը՝ ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն Նիկոլի քաղաքական օրակարգի։ Միաժամանակ բանտեր են նետվում բոլոր նրանք, ովքեր չեն հրաժարվում իրենց համոզմունքներից և շարունակում են պայքարել Հայրենիքի համար։

Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել։ Հերթական կին քաղբանտարկյալը Արեգնազ Մանուկյանն է։

Բանտերում են ազգային արժանապատվությունը չվաճառած գործարարները։ Արդեն տասներեք ամիս որևէ իրավական հիմնավորման բացակայությամբ անազատության մեջ է պահվում աշխարհահռչակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Օրեր առաջ նույն հաշվեհարդարի հերթական զոհը դարձավ գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը։

Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել մի վտանգավոր պատկերացում՝ իբր հաջողության կարող են հասնել միայն նրանք, ովքեր թալանել են, հանցագործություն են կատարել։ Սակայն բարգավաճում ու անխոցելի են միայն այն գործարարները, որոնք խոնարհվում են իշխանության առաջ։ Իսկ նրանք, ովքեր պահպանում են արժանապատվությունը, պաշտպանում են Հայրենիքը, չեն համակերպվում Արցախի կորստի և Հայաստանի թուլացման հետ, ենթարկվում են հետապնդումների։

Կալանավորվում են քաղաքական գործիչներ։ Կրկին անազատության մեջ են Արմեն Աշոտյանն ու Ավետիք Չալաբյանը։ Հալածվում են հոգևորականներ, թեմերի առաջնորդներ, մտավորականներ, գիտնականներ, զոհված հերոսների ծնողներ, բարձրաստիճան զինվորականներ։

Հայաստանում արդեն անհնար է անուն առ անուն թվարկել բոլոր քաղբանտարկյալներին։

Հայաստանի Հանրապետությունը բռնազավթված է։

Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից։

Արցախի կորուստը չի կարող դառնալ ազգային համաձայնության հիմք։ Այն չի կարող ընդունվել որպես անշրջելի իրականություն։ Արցախի վերադարձի համար պայքարը ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության գոյության պայքարն է։

Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար կոչ է անում համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել վերադարձի պայքարից և այդ պարտությունը ներկայացնել որպես վերջնական լուծում, իմ համոզմամբ, գործում է Հայաստանի պետական շահերի դեմ։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը