Երևանի երեք դպրոցներ արժանացել են միջազգային «Կանաչ դրոշ» հավաստագրին

Երևանի երեք դպրոցներ արժանացել են միջազգային «Կանաչ դրոշ» հավաստագրին։ Երևանում օրեր առաջ տեղի է ունեցել «Էկո-Դպրոցներ» միջազգային ծրագրի համաժողովը, որը մեկ հարթակում համախմբել է կրթության և բնապահպանության ոլորտների ավելի քան 200 ներկայացուցիչների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի գործընկերների։

«Էկո-Դպրոցներ» ծրագիրը, որն իրականացվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի կողմից,  Հայաստանում մեկնարկել է 2024 թվականին Synopsys Inc.-ի աջակցությամբ։ Համաժողովի գլխավոր եւ ամենասպասված իրադարձությունը միջազգային «Կանաչ դրոշ» (Green Flag) հավաստագրի արժանացած դպրոցների անունների հրապարակումն էր։

Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87 և Մովսես Խորանացու անվան թիվ 143 դպրոցները պաշտոնապես ստացել են «Կանաչ դրոշ»` դառնալով Հայաստանում գործող առաջին երեք դպրոցները, որոնք արժանանում են բնապահպանական կրթության ոլորտում գործող ամենաբարձր միջազգային գնահատականին՝ հաջողությամբ հաղթահարելով ծրագրի սահմանած 7 քայլերը։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով հատուկ այցով Հայաստան էր ժամանել Բնապահպանական կրթության հիմնադրամի (Foundation for Environmental Education – FEE)` «Էկո-Դպրոցներ» ծրագրի միջազգային կրթական ծրագրերի տնօրեն Օլիվիա Քոփսին։

Նրա ներկայությունը և բարձր գնահատականը կարևորագույն քայլ են Հայաստանի՝ միջազգային էկո-կրթական ցանցում ինտեգրվելու եւ համագործակցության խորացման ճանապարհին։ Իր ողջույնի խոսքում տիկին Քոփսին նշել է. «Վերջին օրերին այցելել եմ մի շարք դպրոցներ եւ իսկապես տպավորված եմ այն լրջությամբ, որով մոտենում են «Էկո-Դպրոցներ» ծրագրի իրականացմանը։ Տեսել եմ աշակերտների մեծ նվիրվածությունն ու էներգիան. նրանք ստեղծել են հետաքրքիր նախագծեր, որոնք նպաստում են կրթության որակի բարձրացմանը»։