10 000-ից ավելի աշխատակիցներ մատնվել են պարապուրդի, պետական բյուջեն միլիարդավոր դրամների վնաս է կրելու. Իվետա Տոնոյան

Նախօրեին Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել, որպես ամենաերկարատև խուզարկություն, որովհետև ավելի քան 13 ժամ խուզարկությունը շարունակվում էր։ Այս մասին դատարանի բակում հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Դրանից հետո արդեն Քննչական կոմիտեում հարցաքննության գործընթացն էր և այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր է տեղափոխվում Գագիկ Ծառուկյանը, որպեսզի այստեղ կալանքի միջնորդության հարցը քննարկվի՝ մի քանի ժամ դատարանի բակում սպասելուց հետո միայն տեղեկացրին, որ նիստն իրականացվելու է ժամը 9-ին։

Սրանով ուզում եմ ուշադրություն հրավիրել այն գործընթացին, թե որքան անփույթ ու թափթփված կերպով է այս ամբողջ գործընթացը իրականացվում, սկսած՝ քրեական գործը կարելու գործընթացից։

Ինչ վերաբերում է գործին, ուզում եմ ասել, որ ես չեմ հիշում, որևէ քրեական գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին և ուռճացված լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դատական նիստը նախատեսված ժամից ավելի ուշ է մեկնարկել։

Նա նաև հայտնեց, որ տարատեսակ ահազանգեր են ստանում։ «Նախօրեին տասնյակ ընկերություններ կապարակնքվել են, 10 000-ից ավելի աշխատակիցներ մատնվել են պարապուրդի, ես միայն ուզում եմ հասկանալ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հոտևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Տնտեսության ողնաշարը կոտրելուն և տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով։

Բացի այդ, արդեն կան վերլուծություններ, թե այդ ընկերությունները որքան հարկեր են մուծել և խոսքը միլիարդավոր դրամների մասին է»։

Նա նաև հայտնեց, որ նախօրեին տասնյակ հազարավոր զանգեր են ստացել ի աջակցություն և ի սատարումն Գագիկ Ծառուկյանի։ «Մարդիկ դատապարտում են այս գործընթացը, ու խոսքը միայն քաղաքական ուժերի չի վերաբերում։ Բոլորին շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար, սակայն ֆիքսեցի նաև տարբեր հայտարարություններ՝ տարբեր մանր, միջին, մեծ կալիբրի իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք երևի հրաման են ստացել հարձակում գործելու և հիացական բացականչություններ այն ամենի շուրջ, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, աղջիկներ և տղաներ, բումարենգի օրենքը ոչ ոք դեռ չի չեղարկել, հիշեք նաև այն պատմական իրադարձության մասին, երբ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ դուք հայտնվեցիք խորհրդարանում, այն ժամանակ դուք այլ տեքստեր էիք ձոնում նրան»։