Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և ուզում է մնալ ԵԱՏՄ կազմում. Փաշինյան

Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և ուզում է մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում, այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուգում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

«Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը, իսկ ընտրություններից հետո՝ լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու համար», – ասել է Փաշինյանը, հավելելով՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո Հայաստանը «հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցում»։

Միշուստինը, իր հերթին, հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը «բարեկամության և բարիդրացիության ոգով» և կապահովի «հարմարավետ միջավայր ռուս ներդրողների համար»։

«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար և ապահովի, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը հարգվեն», – ասել է Ռուսաստանի վարչապետը։

Հավելենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ռուսական կողմը դեռևս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա հանդիպման հրապարակային մասում ևս այդ մասին ակնարկ չի եղել։