Նիկոլին իշխանությունից հեռացնելու ճանապարհային քարտեզն ըստ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի

Եթե պետությունը գավթված է Նիկոլի հանցախմբի կողմից, դատաիրավական համակարգը, իշխանությունն ուզուրպացված են, ԿԸՀ-ն ու ՍԴ-ն գրպանված են, իսկ ուժային կառույցները Նիկոլը վերածել է ժողովրդի դեմ ահաբեկչության գործիքի, պարզ է, որ այս պայմաններում Նիկոլին և «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ՝ «Քեմալական պայմանագիր») կոչված չարիքին, ընդհանրապես, Նիկոլի ոհմակին (չարախմբին) ընտրություններով երբևիցե չես հեռացնի իշխանությունից, իսկ փողոցո՞վ…

Ինչպես արդեն հայտնի է, հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հրեշավոր կերպով կեղծվել են, Նիկոլի իշխանությունը լեգիտիմ չէ: Իշխանությունից նրան փողոցով հեռացնելու համար, ի թիվս այլ անհրաժեշտությունների, նաև պետք է ժողովրդի ընդդիմադիր հատվածի կրիտիկական զանգված, ինչպե՞ս ապահովել դա… Հնարավո՞ր Երևանում և այլ բնակավայրերում փողոց հանել ժողովրդական լայն զանգվածների…

Այս և հետընտրական իրականությունից բխող հարցերի շուրջ է ստորև ներկայացվող հարցազրույցը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ:

 

-Պարոն Գրիգորյան, Դուք ներկայացրել եք Հայաստանի փրկության ծրագիր, որը շատ մեծ հավակնություններ ունի և մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Խնդրում ենք մի փոքր մանրամասնել այն: Դուք խոսում եք արտերկրի հայության կողմից բազմամիլիարդանոց ներդրումային ծրագիր ապահովելու մասին, որի հիման վրա հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին ստեղծվելու է արհեստավարժների ժամանակավոր կառավարություն: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ կառավարության ստեղծումը:

-Հայաստանի փրկության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է միասնական ընդդիմություն, միասնական ընդդիմության՝ «Ուժեղ Հայաստան»-ի, «Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի համաձայնությունն այն առաջարկին, որը հիմա կներկայացնեմ, ինչպես նաև Սփյուռքի օգնությունը:

Նիկոլին իշխանությունից հեռացնելը հնարավոր է, եթե Սփյուռքն օգնության ձեռք մեկնի: Հիմա համառոտ կներկայացնեմ «Հայաստանի փրկության ծրագիր» նախագիծը, մասնավորապես արհեստավարժների ժամանակավոր կառավարության կազմակերպման կապակցությամբ իմ առաջարկը: Բայց մինչ այդ տեղեկացնեմ, որ ընտրություններից 10 օր առաջ՝ մայիսի 27-ին, Բրատիսլավայում մենք Եվրոպայի խորհրդարանի բարձրագույն ներկայացուցիչների, աշխարհի տարբեր երկրների հայերի և հայանպաստ խոշորագույն, հայտնի գործիչների մասնակցությամբ անցկացրեցինք փայլուն գիտաժողով՝ «Հայաստան. Եվրամիություն, թե Եվրասիական միություն» անվանմամբ: Արդյունքում նշվեց նաև, որ կեղծվելու են ընտրությունները, չկա դրանում որևէ կասկած: Այլ հարց է, որ ոչ մեկը չէր սպասում, որ կկեղծվեն այսպիսի հրեշավոր չափով: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ Հայաստանը՝ իր բազմահազարամյա պատմությամբ ու մշակույթով, հայտնվել է անհետանալու եզրին:

Այսօր գործելու պահն է. որպեսզի ապահովվի մարդկանց կրիտիկական զանգվածը, նրանք իրենց թիկունքին պետք է զգան Սփյուռքի հզոր աջակցությունը: Բրատիսլավայում հուլիսին կկազմակերպենք Եվրոպայի հայկական միությունների ֆորումի համաժողով, որին կմասնակցեն ներկայացուցիչներ թե Հայաստանից, թե Սփյուռքից: Նրանք, ովքեր Հայաստանից Նիկոլի իշխանության կողմից հնարավոր խոչընդոտների պատճառով չեն կարողանա մեկնել ու Բրատիսլավայում մասնակցել համաժողովին, կմասնակցեն առցանց, հեռավար կերպով:

Համաժողովի արդյունքում կընտրվի «Արհեստավարժների ժամանակավոր կառավարություն» նախագիծը: Այդ կառավարությունը բաղկացած է լինելու միայն մասնագետներից և գործելու է 1-2 տարի ժամանակով: Մենք կոչ ենք անելու արտերկրի հայության բոլոր խոշոր գործարարներին, ովքեր ցավում են Հայաստանի այսօրվա վիճակով և ունեն մտադրություն մասնակցել նրա փրկության ծրագրին, ոչ միայն փրկել Հայաստանը, այլև խոշոր ներդրումների շնորհիվ հայրենիքում ունենալ հիանալի նոր արտադրություններ, այդ թվում նաև ռազմական արդյունաբերության ոլորտում, մասնակցել մի շարք ներդրումային ծրագրերի: Մի քանի տասնյակ այդպիսի ծրագրեր մեր կողմից կառաջարկվեն իրենց: Նշածս ներդրումային ծրագրերով հետաքրքրվող ցանկացած հայի կառաջարկենք անձամբ ընտրել այն ծրագիրը, որն ավելի նպատակահարմար կհամարի, ղեկավարել իր ծրագիրը կամ նշանակել իր ղեկավարին, որ մեկ ցենտ անգամ չկորի և որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ գումարը ծախսվել է անտեղի կամ յուրացվել: Ցանկացողները կարող են նաև իրենք առաջարկել իրենց ներդրումային ծրագիրը և գլխավորել, իրականացնել այն: Բնականաբար, խոսքը ոչ թե ներկա, այլ արհեստավարժների ժամանակավոր կառավարության օրոք կատարվելիք ներդրումների և իրականացվելիք ծրագրերի մասին է:

Այս կապակցությամբ մեր համապատասխան ծրագիրը կներկայացնենք հուլիսին կայանալիք նշածս համաժողովում, կհրավիրենք Հայաստանով հետաքրքրված աշխարհի բոլոր մեծահարուստ ու միջին կարողությունների տեր, բայց ներդրումային ցանկություն ունեցող հայերին, ծրագրի քննարկման արդյունքում կձևավորենք Հայաստանի համար կառավարության նոր առաջարկ՝ արհեստավարժների ժամանակավոր կառավարություն: Այն երկրի ղեկավարությունը 3 տարով կվերցնի իր ձեռքը և այդ ընթացքում կփորձի իրականացնել տնտեսական մի այնպիսի հրաշք, որը կմնա պատմության մեջ: Արտերկրի հայության ձեռքին կուտակված է մոտ 300 միլիարդ դոլարի չափ գումար, դրա 10 տոկոսը՝ 30 միլիարդ դոլարը, շատ ավելին է, քան պետք է Հայաստանի տնտեսության ֆենոմենալ զարգացման համար: Հինգ տոկոսը բացարձակ բավարար է:

Պարոն, Գրիգորյան, իսկ ո՞վ է ընդունելու Հայաստանի համար կառավարության այդ նոր առաջարկը, ով կամ ովքե՞ր են իշխանությունը փոխանցելու առաջարկվող արհեստավարժների ժամանակավոր կառավարությանը:

-Արհեստավարժների ժամանակավոր կառավարություն կազմելուց հետո մենք՝ Հայաստանի միասնական ընդդիմությունը, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, ներդրումային ծրագրերին մասնակցելու պատրաստակամություն հայտնած մեծահարուստները, գործարարները, հայրենիքի ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր սփյուռքահայությունը, մենք բոլորս միասնաբար Նիկոլին կտանք վերջնաժամկետ. սահմանափակ օրերի ընթացքում կամ ընդունել մեր ծրագիրը և տալ հրաժարական, որի ընթացքում մենք նրա հետ կստորագրենք պայմանագիր, որ թույլ ենք տալիս իրեն անհետանալ որտեղ ցանկանում է, կամ մենք կկատարենք հեղափոխություն ճիշտ այնպես, ինչպես ինքն արեց: Ընդ որում, այսօր Հայաստանում շատ ավելի մեծ հեղափոխական պոտենցիալ է կուտակված, քան 2018 թվականին: Կպոռթկա հայաստանյան հայության ու Սփյուռքի ողջ ընդդիմադիր հատվածը, եթե Նիկոլը հանկարծ չհասկացավ ու չընդունեց մեր առաջարկը: Այդ դեպքում ինքը կկրի այն բոլոր պատիժները, որոնք հասնում են դավաճանին: Մենք  Նիկոլին հայտարարել ենք դավաճան, և երկիրը ծախած դավաճան, որը ոչ միայն իր արյամբ հայ չէ, այլև իր կատարած քայլով՝ Արցախը գումարով թշնամուն հանձնելով, որի հետևանքները մեր համար կործանարար են:

Իմ ներկայացրած այս ծրագիրը 1 ամսվա ընթացքում է իրականանալու: Կոչ եմ անում աշխարհի հայության բոլոր հայրենասեր ներկայացուցիչներին պատրաստվել, հեռակա կապով կամ անձամբ մասնակցել հուլիսին Բրատիսլավայում կայանալիք համաժողովին:

Ինչո՞ւ եք համոզված, որ այդ համաժողովից հետո հնարավոր կլինի Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում ոտքի հանել մարդկանց այնպիսի կրիտիկական զանգված, որի դեպքում Նիկոլն առաջարկվող վերջնագիրը չընդունելու և իշխանությունը պահպանելու հնարավորություն չի ունենա:

-Ինչպես նկատեցիք, արհեստավարժների կառավարությունը դատարկ ձեռքով չի գալու ասպարեզ, այլ իր թիկունքում ունենալով շուրջ 15 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք Հայաստանի բնակչության համար կերաշխավորեն տնտեսական թռիչքաձև զարգացում, հետևաբար հզոր բանակ, անվտանգ, ապահով ու բարեկեցիկ ապագա: Սա առաջին ոգևորիչ գործոնը կլինի, որ փողոց դուրս գան նույնիսկ ավելի շատ մարդիկ, քան դուրս կգային հունիսի 8-ին՝ ընդվզելով ընտրությունների կեղծված արդյունքների դեմ: Հանրության ընդդիմադիր հատվածին ոգևորող ու փողոց դուրս եկածների կրիտիկական զանգված ապահովող երկրորդ գործոնը կլինի այն, որ առաջին անգամ կմիավորվեն ողջ իրական ընդդիմությունը և Սփյուռքի ոչ նիկոլական հատվածը մեկ ճակատում: Ի վերջո, այն հանգամանքը, որ արհեստավարժների կառավարության մեջ չեն լինելու քաղաքական գործիչներ, միայն մասնագետներ են լինելու, փողոց կբերի նույնիսկ այն մարդկանց, որոնք ընդդիմադիր գործիչների, կուսակցությունների, դաշինքների հանդեպ իրենց քաղաքական կամ անձնական մոտեցումներով պայմանավորված, հունիսի 8-ի ընտրություններին չեն մասնակցել: Դե հիմա պատկերացրեք, թե որքան մարդ ոտքի կկանգնի:

-Հավատացա՞ծ եք, որ ընդդիմությունը կհասկանա Ձեր ներկայացրած այս գործի կարևորությունը և մի կողմ թողնելով անձնական կամ կուսակցական հետաքրքրությունները, կլծվի ազգին հետաքրքրող խնդիրների լուծմանը:

-Անկասկած տեղին է Ձեր այս հարցը, որովհետև կան կասկածներ, որ կուսակցական հետաքրքրությունները կարող են գերադասվել ազգային շահերից, բայց երկիրը հասել է մի այնպիսի իրավիճակի, որ այլևս ոչ մի այլ քայլ անելու տեղ չկա, պետք է ստեղծել արհեստավարժների ժամանակավոր կառավարություն:

 

Հարցազրույցը՝

Արթուր Հովհաննիսյանի