Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է հղի կանանց մուտք ԱՄՆ արգելելու մասին ծրագրերըհայտնում է The Telegraph-ը։ Սպիտակ տունը քննարկում է այս քայլը, այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը մերժեց նախագահի որոշումը՝ վերացնելու ծննդյան իրավունքով քաղաքացիությունը, որը սահմանադրական հայեցակարգ է և  քաղաքացիություն է շնորհում ԱՄՆ-ում ծնված բոլոր երեխաներին։

Թրամփի վարչակազմը պնդում էր, որ ծննդյան իրավունքով քաղաքացիւթյունը խրախուսում է անօրինական ներգաղթը։ Նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ Սպիտակ տունը «լուրջ ուսումնասիրության» կենթարկի հղի օտարերկրյա կանանց ԱՄՆ մուտք գործելու արգելքը։

 «Դուք այժմ պետք է շատ լուրջ մտածեք, թե ում եք թույլ տալիս մուտք գործել ձեր երկիր, նույնիսկ ժամանակավորապես՝ ծննդաբերական տուրիզմի հնարավորության պատճառով»,- ասել է Սպիտակ տան քաղաքականության և հայրենիքի անվտանգության հարցերով աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ նշելով, որ եթե մարդը ինն ամսական հղի է գնում ԱՄՆ ինչ-որ բաներ տեսնելու, մի քանի շաբաթից նա կդառնա ցմահ ԱՄՆ քաղաքացու մայր և ուղիղ կապ կունենա ամերիկյան դրամական միջոցների ու սոցիալական նպաստների հետ։

Դատարանը 6-3 հարաբերակցությամբ որոշել էր, որ ԱՄՆ տարածքում ծնված երեխաներին ավտոմատ քաղաքացիություն տրամադրելուց հրաժարվելը հակասահմանադրական է և խախտում է 14-րդ փոփոխությունը։ ԱՄՆ կառավարությունը չի հետևում օտարերկրյա այցելուներից ծնված երեխաների թվին, սակայն գնահատականները ցույց են տալիս, որ այդ թիվը կարող է տարեկան կազմել 20.000-26.000։